Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Չեխիայից քաղաքական ապաստան խնդրելու մասին տեղեկություն չկա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք մամուլում շրջանառվող լուրը։
«Չկա այդպիսի տեղեկություն», - ասաց դատախազը։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ փուլում է Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը, Դավթյանը պատասխանեց. - «Որևէ նոր բան չունենք ձեզ ասելու, քան վերջերս՝ մեր նախորդ հանդիպումների ժամանակ եմ ասել. էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք։ Չունենք որևէ այլ նորություն»։
2018-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, այն բանից հետո, երբ իրավապահները, վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր: Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:
Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին, Պրահայում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Սերժ Սարգսյանի եղբորորդին հետախուզման մեջ էր դեռևս հուլիսից:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր Գլխավոր դատախազություն՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով: