Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպում են Մայք Փոմփեոն և Սերգեյ Լավրովը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Սոչի, 14-ը մայիսի, 2019թ.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Սոչի, 14-ը մայիսի, 2019թ.

Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մայք Փոմփեոն այսօր կհանդիպեն Վաշինգտոնում: Այդ լուրը երեկ հաստատել են Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը և Ռուսաստանի արտգործնախարարության մամլո բաժինը:

Օրակարգում Ուկրաինայի, Սիրիայի, սպառազինությունների վերահսկման և երկկողմ հարաբերությունների խնդիրներն են:

The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ հանդիպումից հետո տեղի կունենա արտգործնախարարի և պետական քարտուղարի համատեղ ասուլիսը:

Փոմփեոն և Լավրովը մի քանի անգամ հանդիպել են, ինչպես նաև հեռախոսով են զրուցել:

2017 թվականի մայիսին, երբ Փոմփեոն դեռ չէր ստանձնել պետքարտուղարի պաշտոնը, Լավրովին և այն ժամանակ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին Սպիտակ տանն ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը CBS հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում չի բացառել Ամերիկայի նախագահի և Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպման հնարավորությունը:

Օ'Բրայենն ասել է, որ նման հանդիպումների ժամանակ սովորաբար գործում է փոխադարձության սկզբունքը: Երբ Փոմփեոն վերջին անգամ մեկնել է Ռուսաստան՝ Սոչի, նրան ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հետևաբար՝ Թրամփ-Լավրով հանդիպումն էլ է հնարավոր:

Օրակարգի բոլոր թեմաներն են կարևոր և առաջնահերթ, դրանց թվում, իհարկե, առանձնահատուկ նշանակություն ունի Ուկրաինայի կոնֆլիկտը:

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել «Նորմանդյան ձևաչափով» հանդիպումը, որին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Վլադիմիր Զելենսկին, Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նախագահ Զելենսկին մի քանի առիթներով ասել է, թե նպատակահարմար կլինի, որ «Նորմանդյան քառյակին» միանա նաև Միացյալ Նահանգները, սակայն Մոսկվան չի ողջունում ձևաչափի փոփոխությունը:

Ուկրաինայում 2014 թվականին մեկնարկած արյունալի պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

XS
SM
MD
LG