Մատչելիության հղումներ

Հայաստանում աղքատ է 700 հազար մարդ․ Վիճկոմը ներկայացրեց սոցիալական պատկերը 2018-ի համար


Հայաստանում աղքատ է 700 հազար մարդ։ Նրանք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։ Ծայրահեղ աղքատները 30 հազար են, նրանց ամսական ծախսը 24 հազար դրամ է։ Վիճակագրական կոմիտեն այսօր ներկայացրեց Հայաստանի սոցիալական պատկերը 2018 թվականի համար, այս պատկերի պատասխանատուները ժամանակագրական առումով թե՛ նախկին ու թե՛ ներկա իշխանություններն են:

«18 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով աղքատության մակարդակի նվազում 2,2 տոկոսային կետով», - թվերը՝ առանց որևէ մեկնաբանության, ներկայացրեց Վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան:

Հարցումներն անցկացվել են Հայաստանի 43 քաղաքներում ու 216 գյուղերում։ Մեր երկրում աղքատ է ամեն չորրորդը։ Միջին հանրապետական ցուցանիշից ավելի բարձր աղքատության պատկեր է մարզերից 5-ում, 42 տոկոս աղքատությամբ Շիրակը տարիներ շարունակ առաջին տեղում է:

«Միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները: Շիրակի մարզում բնակչության 42 տոկոսը ապրում է աղքատության գծից ցածր», - ասաց Դիանա Մարտիրոսովան:

Շիրակում աղքատության կրկնվող թվերին արձագանքում են՝ աշխատանք չկա:

Ի դեպ, միգրացիայի ցուցանիշով էլ Շիրակը առաջին տեղում է։ Ընդհանուր առմամբ՝ ծայրահեղ աղքատներն ավելի շատ քաղաքներում են, քան գյուղերում և կան մարզեր որտեղ ծայրահեղ աղքատների թիվը զրո է՝ Կոտայք, Սյունիք , Վայոց ձոր, Արագածոտն։ Ըստ հետազոտության, բնակչության խավերի միջև բևեռացումը խորացել է՝ աղքատները շարունակել են աղքատանալ, հարուստները՝ հարստանալ։ Ի դեպ, վերջիններս հարցումներին չեն մասնակցում, դուռ չեն բացում։ Վիճակագրական կոմիտեի նախագահն ասում է, որ Համաշխարհային Բանկի փորձագետները ասում են՝ տարածված պրակտիկա է:

«Մեկը մի անգամ ասեց, որ շատ մի անհանգստացեք, Անգլիայի թագուհին ևս տնային տնտեսությունների հետազոտություններին չի մասնակցում», - ասաց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը:

Տարիքային խմբերից երեխաներն ամենաաղքատն են, բազմազավակ ընտանիքները նույնպես։ Վիճակագրական կոմիտեն հաշվարկել է նաև՝ ինչ կլինի, եթե ծայրահեղ աղքատները նպաստ չստանան, ծայրահեղ աղքատությունը մեկ տոկոսից կդառնա 19 տոկոս։ Սոցիալական քաղաքականություն իրականացնողների համար՝ թվերը ցրում են անորոշությունը, նկատեց կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը:

«Կառավարել առաջին հերթին նշանակում է նվազեցնել կամ վերացնել անորոշությունը: Սա չափազանց կարևոր թեզ է, որին մենք պետք է հետևենք», - նշեց Մնացականյանը:

«Աղքատանալը հեշտ է աղքատությունից դուրս գալը դժվար», - ասում է Սոցապ նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Նա չի կարծում, որ նպաստներով է հնարավոր դուրս գալ օրվա հացի գոյապայքարից:

«Նպաստով չէ, որ աղքատությունն է կրճատվում: Նպաստը ընտանիք բյուջեից հենց հանում ես ընտանիքը նորից աղքատ է, այդ նպաստն աշխատավարձ չէ, աշխատանքային գործունեությունն է, որ անընդհատ բերում է ընտանիքին այն եկամուտը, որը նաև նրան պիտի հանի աղքատությունից», - ասաց Մինասյանը:

Կրթություն, աշխատանք և աշխատատեղ․ լուծումը Սոցապում գիտեն: «Մարդն աղքատ չէ, եթե գլխին ունի տանիք, հագած է, կրթված է, առողջ է և ունի աշխատանք», - ասաց Աստղիկ Մինասյանը:

Կառավարությունը վերջին նիստերից մեկում սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգի վերաբերյալ որոշում ընդունեց։ Զրկանքի մեջ գտնվող մարդուն պետությունը պիտի գտնի և նրան շրջապատի անհրաժեշտ ծառայություններով՝ կրթությունից մինչև առողջապահություն, սա այն է, ինչ խոստանում են։

Ի՞նչ է պետք աղքատության հաղթահարման համար՝ մինչ կառավարությունը լուծումներ կփնտրի, Վիճակագրական կոմիտեն թիվ է նետում․ «Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63,2 միլիարդ դրամ»:

Իսկ ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել մեկ միլիարդ դրամով։ Հարցվածների կեսից ավելին չի կարող տունը տաքացնել կամ օրումեջ մսով կերակուր ուտել։

XS
SM
MD
LG