Մատչելիության հղումներ

Հայաստանում գրեթե ամեն չորրորդն աղքատ է. ԱՎԾ


2018 թվականին Հայաստանում աղքատությունը կրճատվել է 2,2 տոկոսով. եթե 2017 թվականին աղքատության ցուցանիշը 25,7 տոկոս էր, ապա 2018-ին 23,5 տոկոս էր։ Այս մասին տեղեկացնում է ԱՎԾ-ի օրերս հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի համար ԱՎԾ-ի հրապարակած տվյալները վստահելի են։

«Երբ որ այդ նույն ԱՎԾ-ն նախորդ տարի 17 թվականի համար հրապարակել է մի թիվ և ապա 18 թվականի համար հրապարակել է ևս թիվ, սրանք համեմատելի են, եթե մեթոդաբանությունը նույնն է: Այսինքն՝ անկախ նրանից, եթե մենք չենք վստահում մեթոդաբանությանը, բայց մեթոդաբանությունը նույնն է, ուրեմն այստեղ կա փոփոխություն», - նշեց Թանդիլյանը:

Չնայած 2,2 տոկոսով աղքատության ցուցանիշի նվազմանը, ըստ նույն զեկույցի, Հայաստանում գրեթե ամեն 4-րդ քաղաքացին վաստակում է 42 հազար 600 դրամից պակաս ամսական գումար, իսկ նույն 2018 թվականին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը եղել է ավելի քան 61 հազար դրամ։ Աղքատության նման պատկերը հաղթահարելու լավագույն եղանակը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, տնտեսությունը զարգացնելն ու աշխատատեղեր ստեղծելն է։

«Աղքատությունը հետևանք է, տնտեսական հետևանք և տնտեսական ակտիվության, գործազրկության նվազման, աշխատատեղերի բարձրացման, ավելացման հետ կապված աշխատանքներն են բերելու բնական նվազման աղքատության: Հետևաբար, եթե այս ոլորտը չարվի, ակնհայտորեն սա կարճաժամկետ ազդեցություն է ունենալու», - ասաց Մանե Թանդիլյանը:

Տնտեսության զարգացման երկարաժամկետ հեռանկարից բացի, ի՞նչ դեր պետք է խաղան աղքատության հաղթահարման կամ մեղմման գործում դրան ուղղված հատուկ ծրագրերը։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարարը վստահ է՝ նման ծրագրերը կարևորն են։

«Այո, այդ ծրագրերն անհրաժեշտ են, և այդ ծրագրերի միջոցով մեղմվում է աղքատության ազդեցությունն ընտանիքների վրա: Միևնույն ժամանակ այդ ծրագրերը պետք է միտված լինեն աղքատությունից հանելու մարդկանց, այսինքն՝ ակնհայտորեն հմտություններ զարգացնելու, վերլուծելու շուկայում առկա հնարավորությունները և համապատասխան կարողություններ զարգացնելուն: Այսինքն ծրագրեն, այո, պետք է փոփոխության ենթարկեն և արձագանքեն շուկայում, աշխատաշուկայում հատկապես տեղի ունեցող փոփոխություններին և պահանջարկին», - ընդգծեց Թանդիլյանը:

Աղքատության մեղմման կամ հաղթահարման ծրագրեր վերջին տարիներին Հայաստանում ավելի շատ իրականացնում են միջազգային կազմակերպությունները, քան կառավարությունը։ Գործադիրի ծրագրերից՝ մասնավորապես զբաղվածությանն ուղղված պետական ծրագիրը 2018-ին կատարվել է նախատեսվածից շատ ավելի փոքր ծավալով, սրանից բացի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մեկ, համեմատաբար ընդգրկուն ծրագիր է իրականացնում. անապահովության նպաստ ստացող 1000 ընտանիքների տրամադրելու է անասուններ, անասնակեր և խորհրդատվություն։

Բավարա՞ր է արդյոք այս ծրագիրը Հայաստանում աղքատության կրճատման նպատակին հասնելու համար հարցին Թանդիլյանը դեռ չի պատասխանում, վստահ է՝ նոր ծրագրեր մշակելու կամ հները վերանայելու համար անցած 1,5 տարին քիչ էր, և առաջիկա տարիներին միայն հնարավոր կլինի գնահատել նախարարության իրական աշխատանքը, սակայն միանշանակ է, որ «ընդամենը գումարներ բաժանելը ուղղակի չի կարող լուծել աղքատության խնդիր»:

Ընդդիմադիրները վստահ են ընտանեկան ու սոցիալական նպաստների տրամադրման համակարգերը վերանայելու դեպքում շատ մարդիկ դուրս կմնան այդ ծրագրերից և կգտնվեն դրանց կարիքն ունեցող այլ քաղաքացիներ:

Դեռևս կենսաթոշակային տարիքում չգտնվող «Ազատության» զրուցակիցը ո՛չ ներկայանալ է ցանկանում, ո՛չ իր տունն ու կյանքի պայմանները տեսախցիկի առջև ցուցադրել, ամաչում է հին ու նոր ծանոթներից, գրեթե ողջ կյանքն անցկացրել է ծայրահեղ աղքատ վիճակում, իր խոսքով՝ գրեթե քաղցած է մեծացրել միակ դստերը։ Իսկ այժմ որևէ աջակցություն պետությունից չի ստանում։

«Չեն տալիս, նրանք նենց մարդկանց են տալիս էդ նպաստը, որ ես գիտեմ ում են տալիս, ում են գրում, ինչ են անում, տեսնում եմ իմ աչքով, բայց նպաստ չկա», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Հարցին էլ, թե ամսական իրենց տուն որքա՞ն գումար է մտնում, նա պատասխանեց․ «Որտեղի՞ց մտնի, ասենք մեկը խղճա մի հարևան, էն օրը հարևանս խղճացել մի բան տվել էր, ես չգիտեմ ինչ ասեմ: Հարևան ա, բարեկամ ա միլիոնից մեկ, եսիմ, բարեկամն էլ լավ վիճակի մեջ չի: Ի՞նչ անեմ, մի հին շոր, տրյապկա տանեմ կարտոլի հետ փոխեմ, չգիտեմ ի՞նչ պիտի անեմ»:

«Ազատության» Զրուցակիցը սնվում է անապահովների ճաշարանում, առողջական խնդիրների պատճառով վստահ էլ չէ՝ երբևէ կկարողանա աշխատել, թե ոչ, թեև ցանկություն, ասում է, միշտ էլ ունեցել է․ «Մի օր լավ, մի օր վատ, ի՞նչ իմանամ, բա որ էդ օրը իմ պրիստուպի օրը լինի, ես ի՞նչ անեմ, էդ էլ կա: Հա, ուզում եմ, ամբողջ հոգով եմ ուզում, որ աշխատեմ, բայց ինչ իմանամ՝ արդյո՞ք կկարողանամ: Բա էս ինչ ա, էսպիսի ծայրագույն վիճակը, իհարկե, կօգնի ինձ նպաստը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG