Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ներկայացվող կոնկրետ մեղադրանքներ պարունակող դրույթներն արդեն այս շաբաթ կարող են հանձնվել Ներկայացուցիչների տան անդամների դատին:
Այս մասին նախօրեին հայտարարել է Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը` նշելով, որ այս հարցով քվեարկությունն իր ղեկավարած կառույցում կարող է կազմակերպվել արդեն առաջիկա օրերին: Թրամփի պաշտոնանկության գլխավոր նախաձեռնողներից մեկը` Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը նշել է, որ քվեարկության կարող են դրվել Թրամփին ներկայացվող այն մեղադրանքները, որոնց շուրջ առավել լուրջ ապացույցներ են ձեռք բերվել:
«Իմ ռազմավարությունը մշտապես հետևյալն է եղել` ներկայացնել այն մեղադրանքները, որոնք առավել ցայտուն և համոզիչ ապացույցներով են հիմնավորված` խուսափելով ներկայացված անխտիր բոլոր մեղադրանքներն առաջ քաշելու գաղափարից», - նշում էր Շիֆը:
Միացյալ Նահանգների նախագահի ընդդիմախոսները պնդում են, որ այս տարվա հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում Թրամփը ուկրաինացի պաշտոնակցին խնդրել է հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բադենի դեմ, ով տարիներ առաջ Ուկրաինայում բիզնես գործունեություն է ծավալել: