Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հայաստանի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ասված է պաշտոնական հաղորդագրություններում:

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան, 2015-ի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 69/323 բանաձևը՝ դեկտեմբերի 9-ը հռչակելով Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Բանաձևը ներկայացվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից, ընդունվել է միաձայն և արժանացել ութ տասնյակից ավելի անդամ պետությունների աջակցությանը։ Այն խրախուսում է միջազգային հանրությանը՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:

XS
SM
MD
LG