Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվել է Ցեղասպանության կանխարգելման բանաձև


ՀՀ ԱԳՆ-ի շենքը
ՀՀ ԱԳՆ-ի շենքը

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (Prevention of genocide):

Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանին են միացել և բանաձևը համահեղինակել 64 պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:

Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը և լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համագործակցության համար և ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարևոր գործիք:

Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին:

Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմենրի շրջանակներում, ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերական խախտումները կանխելու նպատակով:

Բանաձևով Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Բանաձևի համաձայն, նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG