Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարությամբ կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին «սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում»։
Երեկ խորհրդարանում Դաշնակցության վերաբերյալ վարչապետի հայտարարությունները ՀՅԴ-ն որակել է մերկապարանոց, «անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու և պետության կառավարման պատասխանատվությունն անհավասարակշիռ քաղաքական վարքագծով փոխարինելու դրսևորում»:
«Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երևույթները, խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով անցյալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին նսեմացնելուց։
Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարություն ձևավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ և պատասխանատու պաշտոններ վստահում», - ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ-ն կոչ է արել հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբվել «երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջ»:
Հիշեցնենք, որ անդրադառնալով Դաշնակցության երիտթևի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ուժի քմահաճույքի արդյունք»։