Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Գևորգ Կոստանյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ։

Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, ով գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին գլխավոր դատախազը մատնանշված ժամանակահատվածում չվերադարձավ, ինչից հետո էլ ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց։

ՀՔԾ միջնորդությունը՝ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ, քննվում է Շենգավիթի նստավայրում՝ դռնփակ դատական նիստում։ Մինչ դատական նիստը սկսելը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Կոստանյանին կալանավորելու հիմքերն առկա են։ Քննիչը դատարան էր եկել, որպեսզի ներկայացնի միջնորդությունը:

«Վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ դրա համար բավարար հիմքեր կան, որպեսզի որպես խափանման միջոց ընտրվի անազատության հետ կապված խափանման միջոցը: Միջնորդությունը ներկայացրել են նաև միջնորդությունը հիմնավորով փաստական նյութերը: Դատարանը կքննարկի, դատարանը որոշում կկայացնի», - ասաց Մուշեղյանը:

Հատուկ Քննչական ծառայությունը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչ հոդվածներով է մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանը։ Եթե դատարանը բավարարի ՀՔԾ միջնորդությունը, ապա Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազը կկալանավորվի։

Դատարան էին եկել նաև Կոստանյանի փաստաբանները։ Գևորգ Գևորգյանն ասաց՝ կալանքի հիմքեր չկան․ «Միանշանակ կալանքը հիմնավոր չի լինի, մանրամասներ կներկայացնենք նիստից հետո»:

Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում դասավանդող Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ 48 ժամվա ընթացքում չի հասցնի վերադառնալ Երևան և կարող է գալ միայն դասերն ավարտելուց հետո։ Նախկին գլխավոր դատախազը իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում։

Անցած սեպտեմբերին ՀՔԾ-ն հաղորդեց, որ 2008-ի մայիսի 29-ին ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը կատարել է 2008-ի հուլիսի 2-ից հետո նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և մինչև հուլիսի 2-ը նախագահի օգնական, այնուհետև փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հանձնարարությունը՝ թաքցրել է Զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, մարտյան արյունալի իրադարձություններից հետո ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա էին Հայաստանի ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևանում իրականացված արտաքին ծառայությանը:

Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով նախապես մշակած հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին «Ազատության» հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այս այցից հետո էլ բարձրաստիճան մի շարք ոստիկաններ կեղծ փաստաթղթեր են կազմել այն մասին, որ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ եղել են զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, մետաղյա, փայտյա մահակներ և այլ իրեր և որ դրանք օգտագործվելու են ոստիկանության աշխատակիցների դեմ։

Ըստ ՀՔԾ-ի, դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում տեսանկարահանվել ու հետագայում տարածվել է համացանցում։ Գևորգ Կոստանյանի դրդմամբ այս փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու մարտյան իրադարձությունները քննող փաստահավաք խմբին է ներկայացվել Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 22-ի թվագրմամբ ստորագրված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող մի հրամանը: Համաձայն դրա, իբրև ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, նույն ինքը օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ ստեղծվել է ոստիկանության 18 ծառայողներից բաղկացած խումբ, որը տեղակայվել է ոստիկանության զորքերի թիվ N զորամասում և հսկողություն է իրականացրել այդ զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և ծառայության նկատմամբ: Դա այն դեպքում, երբ 18 հոգանոց խումբ Արթուր Դաստակովի գլխավորությամբ իրականում գոյություն չի ունեցել: ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում գտնվելու փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել կեղծ վարկած, թե իբր ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները ոստիկանության զորքերի թիվ N զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում:

Բացի այս դրվագից, ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակաների հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին: Բացի այդ, Գեղամ Պետրոսյանին հրահանգ է ստացել համագործակցել մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և դեպքի վայրից հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Մարտի 1-ի գործով և ոչ մի մեղադրյալ մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG