Մատչելիության հղումներ

ՀՖՖ նախագահի հրաժարականից հետո դեռ միայն Խորեն Հովհաննիսյանն է հայտարարել առաջադրվելու մտադրության մասին


Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնից հրաժարվելուց վեց օր անց դեռ միայն մեկ մասնագետ է հայտարարել, որ ցանկանում է ղեկավարել ֆուտբոլային ոլորտը համակարգող մարմինը: Երեկ Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի լավագույն ֆուտբոլիստներից Խորեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մտադիր է առաջադրել թեկնածությունը:

«Ինձ համար շատ ցավալի է էսօրվա մեր ֆուտբոլի վիճակը: Ոչ միայն էսօրվա, սա արդեն կուտակված է՝ եկավ արդեն պայթեց, արդեն բացահայտվեց: Եվ դրա համար ես իմ թեկնածությունը դնում եմ, որպեսզի մենք վաղը-մյուս օրը ունենանք լավ ֆուտբոլ, զարգացնենք մեր հայկական ֆուտբոլը: Որովհետև մենք ֆուտբոլային երկիր ենք և լավ հաջողություններ ենք ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խորեն Հովհաննիսյանը:

Մեկ տարուց մի փոքր ավելի ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին տված իր հրաժարականը բացատրեց Հայաստանի ազգային հավաքականի՝ Իտալիայից կրած խոշոր հաշվով պարտությամբ։ Ասաց՝ այս աննախադեպ՝ 9։1 հաշվով պարտությունից հետո պետք է որևէ մեկը պատասխանատվությունն իր վրա վերցներ։

Շրջանառվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի անունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար: Նա, սակայն, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս պահին մտադրություն չունի առաջադրվելու, միայն մեկ՝ ծայրահեղ դեպքում կառաջադրի իր թեկնածությունը. - «Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող: Այս պահի դրությամբ ես բացարձակ նման մտադրություն չունեմ»:

Արթուր Վանեցյանը հրաժարական տալու օրը հայտարարեց նաև, որ Արմեն Մելիքբեկյանը՝ որպես ՀՖՖ գլխավոր քարտուղար, այս մեկ ամսվա ընթացքում պետք է աշխատանքներ տանի՝ «հայտնաբերելու» այն հասարակական կազմակերպություններին, որոնք որևէ գործունեություն չեն ծավալում և ընդգրկված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովում։ Ասաց՝ այս մեկ ամսվա ընթացքում մաքրվելու է ժողովը, արդեն բոլորի կողմից վստահություն վայելող ժողովը կընտրի նոր նախագահ, ով կզբաղվի ֆուտբոլի առողջացմամբ։

Մելիքբեկյանն «Ազատությանը» փոխանցեց՝ արդեն իսկ սկսվել է այդ գործընթացը: «Հավանաբար հաջորդ շաբաթ ես կհրավիրեմ գործկոմի նիստ, և մենք կքննարկենք, կխոսենք այդ հարցի մասին: Ես կարծում եմ՝ այո, դա շատ կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ գործկոմում մենք նույնպես շատ շահագրգիռ քննարկում կունենանք, և գործկոմը հենց դրա համար էլ հիմա աշխատելու է, որպեսզի հետո հայտարարի, այո, ինքնալուծարման մասին արդեն ժողովից առաջ: Դրա մասին արդեն արդեն խոսել են և՛ նախագահը, և՛ գործկոմի անդամները», - ասաց ՀՖՖ փոխնախագահը:

XS
SM
MD
LG