«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) առաջնորդվում է սեփական քաղաքական օրակարգով, և այս պահի դրությամբ համագործակցության հետ կապված որևէ քննարկում կուսակցությունում և խորհրդարանական խմբակցությունում չկա: Այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե որպես ընդդիմադիր ուժ՝ հնարավոր համարո՞ւմ են արտախորհրդարանական ընդդիմադիր միավորումների հետ համագործակցությունը:
«Կարող եմ ասել, որ մենք այս պահին առաջնորդվում ենք մեր սեփական քաղաքական օրակարգով, մեր նախանշած ծրագրերի իրականացման քաղաքականությունն ենք իրականացնում, իսկ հետագայի հետ կապված այս պահի դրությամբ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև այս պահին մենք որևէ համագործակցության հետ կապված քննարկում խմբակցության և կուսակցության ներսում չենք դիտարկում», - հայտարարեց Ծառուկյանի խոսնակը: Հարցին էլ՝ իսկ իրենց համագործակցության առաջարկ եղե՞լ է, նա արձագանքեց․- «Ես կրկնում եմ, որ այս պահի դրությամբ մենք առաջնորդվում ենք բացառապես մեր քաղաքական օրակարգով»:
Տոնոյանը նշեց, որ տեղեկություն չունի՝ ԲՀԿ առաջնորդին հրավեր եղե՞լ է արդյոք մասնակցելու «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հավաքին, որը, հիշեցնենք, տեղի ունեցավ անցած շաբաթավերջին․ - «Անկեղծ ասած՝ ես տեղեկություն չունեմ՝ մասնակցության հրավեր եղել է, թե չի եղել, տեխնիկական մանրամասներին չեմ տիրապետում: Առիթ չի եղել այդ մասին խոսելու պարոն Ծառուկյանի հետ, տեղեկություն չունեմ»:
«Ազատություն»․ - «Բարգավաճ Հայաստան»-ն այսօր իսկապե՞ս ընկալվում է որպես առողջ ընդդիմադիր ուժ, թե՞ ոչ, որովհետև իշխանական «Իմ քայլ»-ից պատգամավոր Հայկ Գևորգյանը նշեց, որ այսօր չի ձևավորվում այդ առողջ, իսկապես կենսունակ, թարմ ուժերից ձևավորված ընդդիմությունը, որի տեղը փորձում են այսօր լրացնել այդ «Վերնատան», ինչպես պարոն Գևորգյանը ձևակերպեց, հին դեմքերը:
Իվետա Տոնոյան․ - Պարոն Գևորգյանը կարող է իր սեփական մտահոգությունները բացառապես իր ներկայացրած քաղաքական ուժի մասով ունենալ: Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված՝ ես կրկնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր ուժն է: Չի եղել հասարակական հնչեղություն ներկայացնող որևէ հարց, որին հետամուտ չլինի «Բարգավաճ Հայաստան»-ը:
«Ազատություն»․ - Դուք չե՞ք ընդունում այդ տեսակետը, որ քանի որ այսօր խորհրդարանում չկա ռեալ ուժեղ ընդդիմադիր բևեռ, ընդդիմադիր ուժեր, հետևաբար՝ խորհրդարանից դուրս արտախորհրդարանական ուժերը փորձում են այդպիսի մի բևեռ ձևավորել:
Տոնոյան․ - Բնականաբար, ես չեմ կիսում այդ կարծիքը և վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանի պատերից դուրս, արտախորհրդարանական ընդդիմություն լինելու հարցը ոչ մեկ կասկածի տակ չի դնում՝ ուժեր են, թող ձևավորվեն, թող իրենց գործունեությունը ծավալեն: Մենք՝ որպես ինքնաբավ, կայացած քաղաքական ուժ, առաջնորդվում ենք բացառապես մեր օրակարգով:
«Ազատություն»․ - Իսկ պարոն Ծառուկյանը հանդիպում ունեցե՞լ է Սերժ Սարգսյանի հետ հեղափոխությունից հետո 2018-ի:
Տոնոյան․ - Ես նման հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չունեմ:
«Ազատություն»․ - Այսինքն, չկա, եթե լիներ, Դուք տեղյակ կլինեիք:
Տոնոյան․ - Ես տեղեկատվություն չունեմ ընդհանրապես նման հանդիպման մասին, որևէ մեկնաբանություն չեմ կարող Ձեզ տալ, որովհետև ես չունեմ նման տեղեկատվություն:
«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ չի եղել նման հանդիպում:
Տոնոյան․ - Ես կրկնում եմ, որ ես չունեմ նման տեղեկատվություն: