Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբը սկսում է իր գործունեությունը


«Վերնատուն» ակումբն անցկացնում է իր առաջին հանդիպում-քննարկումը
«Վերնատուն» ակումբն անցկացնում է իր առաջին հանդիպում-քննարկումը

Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը պատրաստվում է քաղաքական դաշտ մտնել։

«Ազատության» հարցին ի պատասխան՝ նա այսօր ասաց, որ հենց այդ նպատակով էլ վերականգնելու է իր Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը. - «Նախատեսում եմ՝ երևի գարնան ամիսներին համագումար կանենք՝ վերակառուցված, և դա կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ», - ասաց նա։

Մինչ այդ նրա հիմնած «Վերնատուն» ակումբն այսօր առաջին հանդիպումն էր կազմակերպել։ Համաժողովին մեծամասամբ նախկին իշխանությունների մաս կազմած գործիչներ էին մասնակցում՝ Հանրապետական կուսակցության նախկին ու ներկա անդամներ՝ Արփինե Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Դաշնակցության անդամներ՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հարցին՝ արդյոք նախկին իշխանությունները և նրանց մերձ շրջանակները հովանավորո՞ւմ են ակումբի գործունեությունը, Մանուկյանը բացասական պատասխան տվեց, վստահեցրեց՝ անդամավճարներով են գործում։ Իսկ թե մասնավորապես ովքեր են գումար փոխանցում ակումբին, հրաժարվեց նշել. - «Սա ակումբ է, վճարումները կատարվում են պաշտոնապես, բանկում գրանցվում է՝ ով է փոխանցել, գնացեք, բանկերից իմացեք»,- լրագրողներին ասաց նա։

Մանուկյանն այսօր չթաքցրեց՝ ինքը հանդիպումներ է ունեցել և ունենում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ, օրինակ՝ հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. - «Ես հանդիպում ունեցել եմ միշտ, հանդիպում ունենալու եմ միշտ, բոլորի հետ էլ հանդիպում եմ։ Ռոբերտ Քոչարյանը, որ դուրս եկավ կարճ ժամանակով, մենք հանդիպեցինք, խոսեցինք, ես հանդիպում եմ բոլորին։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ էլ կհանդիպեմ, եթե ինքն ա ուզում հանդիպի»,- հայտարարեց նա։

Երեկ անդրադառնալով Մանուկյանի հրաժարականին՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե Մանուկյանի գործունեության վերջին 20 տարիները համաձայնեցված են եղել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

Դաշնակացական Արմեն Ռուստամյանն իրենց ներկայությունը համաժողովին պայամանավորեց ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Ըստ նրա, իրենք համակարգային փոփոխությունների կողմնակից են, իսկ այդպիսի փոփոխություններ հիմա տեղի չեն ունենում. - «Որ ասում էինք՝ պիտի համակարգ փոխվի, որ պետք է համակարգն այնպիսի զսպող մեխանիզմներ իր մեջ ունենա, որ որևէ մեկը իշխանությունը յուրացնելու, իշխանությունը իր շահերի համար օգտագործելու հնարավորություն չունենա...»,- նկատեց նա։

Հանրապետականներն էլ են մտահոգ, այդ է պատճառը, որ միացել են Վազգեն Մանուկյանի նախաձեռնությանը։ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը գոհ չէ հատկապես ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից։

«Քաղաքականության իրականացման ընթացքում մենք տեսնում ենք անպատասխանատու, անզգույշ հայտարարություններ, մի գործընթաց, որն աստիճանաբար նաև միջազգային հանրության մոտ է ձևավորում որոշակի թերահավատություն Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ», - ասաց Արտակ Զաքարյանը։

Մանուկյանի «Վերնատան» հրավիրվածնների ցանկում էր նաև պաշպանության նախկին նախարար, այժմ Մարտի մեկի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը, բայց նրա տեղն այսօր ազատ էր։

Իշխող «Իմ քայլում» անհաջող են համարում հասարակական-քաղաքական ակումբը «Վերնատուն» կոչելը։ Պատգամավոր Վահագն Թևոսյանն անվան ընտրությունն անգամ մեծամտություն է որակում. - «Ես հույս ունեմ, որ իրենք կոնկրետ իշխանությանն են ընդդիմադիր, և իրենց խնդիրը ռևանշիզմը չի, որովհետև նման գործելաոճը հանուն Հայաստանի Հանրապետության չի դիտարկվի», - նշեց պատգամավորը։

«Վերնատան» հիմնադիր Վազգեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ակումբը վերքաղաքական է, իրենք անգամ իշխանական պատգամավորներին են հրավիրել համաժողովին մասնակցելու, օրակարգում հայաստանյան խնդիրներն են։ Հարցին՝ արդյոք նույն խնդիրները հնարավոր չէ՞ր քննարկել Հանրային խորհրդում, որը Սահմանադրությամբ նախատեսված կառավարության խորհդակցական մարմին է, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. - «Նախ և առաջ Հանրային խորհրդի գործառույթները և այն, ինչ մենք անում ենք, մի քիչ իրարից տարբեր են։ Ստեղ ավելի քաղաքականացված ենք այդ հարցերը ներկայացնում»։

Մանուկյանը չի ընդունում, թե ինքը, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելով, քաղաքական հայտարարություններ է արել։ Իր ընկալմամբ, այդ բառն այլ նշանակություն ունի. - «Քաղաքականը դա նա է, երբ կուսակցության միջոցով կա՛մ ընդդիմություն ես, կա՛մ իշխանութուն ես, կա՛մ պայքարում ես իշխանություն պահելու, կա՛մ իշխանություն քցելու համար»,- ասաց նա։

Մանուկյանը հայտարարեց՝ իր ստեղծած ակումբի գործառույթն այլ է լինելու, սա վերկուսակցական մարմին է, որ փորձում է կուսակցություններին համախմբել որոշակի գաղափարների շուրջ։

XS
SM
MD
LG