Ռուսաստանի Առաջին ալիքի թերևս ամենահեղինակավոր «Պոզներ» ծրագրի եթերում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն ու նրա հյուրը՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը։
Պոզները հիշեցրել է, որ վերջերս Ղարաբաղ կատարած այցի պատճառով Զատուլինին կոշտ քննադատել են Ադրբեջանում։ Նա հարցրել է, թե ինչպես է ռուսաստանցի պատգամավորը տեսնում խնդրի կարգավորումը։
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է, որ իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի խնդրին վաղուց է ձևավորվել, ինքը խորապես համոզված է, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել. - «Այս որոշման հիմքը փոխզիջումն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի երկիր չի ճանաչում, բայց այն գոյություն ունի և ապրում է: Եվ ես ուզում եմ Ձեզ ասել, որ Ղարաբաղը երբեք չի համաձայնի որևէ ձևով, նույնիսկ ֆորմալ վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ», - ասել է Զատուլինը։
Ըստ նրա, նույնիսկ այն պահին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Ադրբեջանի ճանաչումը նախկին սովետական սահմաններում այնքան էլ տեղին չէր, քանի որ արդեն այդ պահին՝ 1991-ին, երեք տարի հակամարտություն էր ընթանում, և Ադրբեջանը լիովին չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը։
«Հետևաբար, պետք է ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանից անկախանալու իրավունքը», - Պոզներին ասել է Զատուլինը: Ռուսաստանցի պատգամավորը նաև ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իր բանաձևը։ Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, իսկ հայկական կողմը վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող շրջաններից գոնե հինգը՝ բացի Քելբաջարից ու Լաչինից:
Ռուսական Առաջին ծրագրի եթերում Զատուլինը նաև հայտարարել է, թե 2016թ. ապրիլին Ադրբեջանի հարձակման արդյունքում շատ զոհեր են եղել, քննադատել է Բաքվին ռազմատենչ հայտարարությունների համար։ Զատուլինը համոզմունք է հայտնել, թե եթե Մինսկի խմբի համանախագահ երկրները միմյանց ավելի վստահեին, կարող էին կողմերին պարտադրել կարգավորումը։