Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումներին։
«Ազատություն».- Պարոն Զատուլին, տարիներ է, ինչ Հայաստանից քննադատություն է հնչում, որ ՀԱՊԿ անդամները, սպառազինություն մատակարարելով Ադրբեջանին, խախտում են ղարաբաղյան հակամարտության գոտու հավասարակշռությունը: Ի՞նչ եք կարծում, մասնավորապես, Ռուսաստանը մտադի՞ր է փոխել իր քաղաքականությունն այս հարցում:
Զատուլին. - Զուր եք այդ հարցն ինձ տալիս, որովհետև չեմ զբաղվում զենքի առևտրով և կապ չունեմ այդ ոլորտում ընդունվող որոշումների հետ: Կարող եմ ասել՝ իրոք, Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին և շարունակում է սպառազինություն մատակարարել Հայաստանին՝ ընդ որում տարբեր պայմաններով: Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, օգտվում է զեղչերից ու արտոնություններից՝ սպառազինության շատ տեսակներ, փաստորեն, ստանալով անվճար կամ վարկային գծի օգնությամբ, որը բավականին արտոնյալ պայմաններով է և ընթացիկ որևէ ծախսեր չի պահանջում:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա դաշինքի շրջանակում որևէ ընդհանուր որոշում չի կայացվել, թե արդյոք պետք է սպառազինություն մատակարարել երրորդ երկրներին: Ինչպես գիտեք, Ռուսաստանը զենքի առևտրով է զբաղվում ողջ աշխարհի հետ և այդ շուկաներում մրցակցում է ԱՄՆ ու այլ պետությունների հետ: Անկասկած, Ադրբեջանն ունի բավարար կարողություններ՝ սպառազինություն գնելու համար: Գնում է ոչ միայն Ռուսաստանից, նաև, օրինակ, Իսրայելից ու այլ երկրներից: Արդյոք ճի՞շտ եմ համարում, որ Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել Ադրբեջան, ճիշտ չեմ համարում, որ Ադրբեջանը կիրառել է այդ սպառազինության մի մասը 2016թ․ ապրիլին:
Ընդհանրապես, կարծում եմ, որ Ադրբեջանը խելամիտ չի վարվել՝ զանգվածաբար խախտելով զինադադարը 2016թ. ապրիլին: Հանդես եմ գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին և այս առումով հույս ունեմ, որ մեր համապատասխան պետական մարմինները, ընկերությունները որոշակի հետևություններ են արել: Նաև հույս ունեմ, որ այստեղ Ռուսաստանին ինչ-որ բանում հանդիմանելու, մեղադրելու պատճառներ քիչ կլինեն:
«Ազատություն»․- Բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը՝ ոչ:
Զատուլին. - Չէ՞ որ այդ հարցի պատասխանը միասին պարզեցինք․․․ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանն այդ սպառազինությունը գնում է շուկայական գներով, իսկ ՀԱՊԿ անդամ Հայաստանն այն ստանում է, փաստորեն, անվճար:
«Ազատություն»․- Դե, Ադրբեջանը շատ է գնում, հավասարակշռությունը չի պահպանվում:
Զատուլին. - Չեմ կարող ասել՝ շատ է գնում, թե քիչ, կարող եմ ասել, որ վերջերս նոր համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի ու Հայաստանի միջև կործանիչների մատակարարման մասին, Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմակայանի հզորացման մասին որոշում կա: Ինչպես գիտեք, Ադրբեջանում ռազմակայան չունենք, իսկ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համաձայնագրի ժամկետի երկարաձգման փորձի ժամանակ մեզ մերժեցին: Ստիպված մեր տարածքում կառուցեցինք ռադիոտեղորոշիչ կայան:
Որպես Ռուսաստանի գործընկերների՝ Հայաստանի ու Ադրբեջանի կարգավիճակների տարբերությունն ակնհայտ է: Կողմ եմ, որ լավ հարաբերություններ ունենանք Ադրբեջանի հետ: Հուսամ, այդ հարաբերությունները Հայաստանի օգտին էլ կլինեն, կզսպեն Ադրեջանին՝ չանելու ոչ խելամիտ քայլեր, սակայն, ցավոք, տեսնում եմ, որ Ադրբեջանը հակված է ռազմական հռետորաբանությանը, բարձրագոչ հայտարարություններին: Ի դեպ, վերջին շրջանում հայկական կողմը նույնպես այդ ուղու վրա է կանգնել: Կարծում եմ՝ իզուր:
«Ազատություն»․- Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը պե՞տք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին:
Զատուլին. - Կարծում եմ՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, և հարկ է գնահատել՝ ի՞նչ սպառազինություն, ի՞նչ պայմաններով …այս բոլոր հարցերը պետք է քննարկել, և եթե խոսենք ՀԱՊԿ ներսում կարգապահությունից, այս հարցը կարող ենք քննարկել դաշինքում և գալ ընդհանուր հայտարարի: ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայում այդ հարցը չենք քննարկել, բայց կարծում եմ՝ ոչ միայն Ռուսաստանը, այլև ուրիշ երկրներ դեմ կլինեն արգելքներին: Այնպես որ, սա պետք է հաշվի առնել։