Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցությունում տարօրինակ են համարում Վազգեն Մանուկյանի քննադատությունը


Պատգամավոր Հայկ Գևորգյան, արխիվ
Պատգամավոր Հայկ Գևորգյան, արխիվ

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում տարօրինակ են համարում Հանրային խորհրդից հեռացած Վազգեն Մանուկյանի՝ իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը։ «Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Գևորգյանը զարմացած է՝ ինչո՞ւ և ինչի՞ց է Մանուկյանը դժգոհում։

«Երրորդ խոշոր քաղաքական փոփոխությունն է արձանագրում իր կյանքում: Թող մի հատ հիշի՝ նախորդ փոփոխությունների ժամանակ ինչպիսի մթնոլորտ էր, հա՞, երբ եկած մի էլիտան մյուս էլիտային ջարդում էր ամբողջությամբ՝ ունեզրկում, բանտերը լցնում, չգիտեմ, հազարումի բան, նույնիսկ հարյուրներով, հազարներով մարդիկ բանտերում էին անցկացնում: Ախր ինքը պիտի դա տեսած լինի, ու եթե էն ժամանակ չէր ասում ատելության մթնոլորտ, հիմա՞ է ասում ատելության մթնոլորտ: Ես չեմ հասկանում՝ էդ ատելությունը որտե՞ղ է ինքը տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու վերաբերյալ խորհրդի անդամներին ուղղված նամակում Մանուկյանը գրել էր, որ այսօր Հայաստանում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Այդ ամենում նա, ըստ էության, մեղադրել էր, հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությանը։

Պատգամավոր Գայանե Աբրահամյան, արխիվ
Պատգամավոր Գայանե Աբրահամյան, արխիվ

Իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում է՝ Մանուկյանն ավելի վաղ պետք է հրաժարականի դիմում ներկայացներ, քանի որ խորհուրդը հեղափոխությունից հետո իր գործառույթն իրականացնելու փոխարեն քաղաքական անտեղի քննադատությամբ է զբաղվել։

«Որովհետև եթե դրանք իսկապես հիմնավորված լինեին, փաստարկված լինեին, լիովին ընդունելի կլիներ և լիովին կհասկանայինք: Բայց հատկապես նաև, երբ գիտենք՝ ինչ կուլիսային հանդիպումների արդյունքում են այդ հարցազրույցները և քաղաքական հայտարարություններն արել, դրանք շատ ավելի այդ առումով անընդունելի են, ընդհանրապես այս գործընթացը», - «Ազատությանը» ասաց Աբրահամյանը:

Պատգամավորի կարծիքով՝ հատկապես այս փուլում Հանրային խորհուրդը պետք է զբաղվեր բարեփոխումների փաթեթների մշակմամբ, ինչը չի արել։

73-ամյա Վազգեն Մանուկյանը նամակում դժգոհել էր, թե մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետին՝ գործակցության եզրեր գտնելու համար և թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը, սակայն՝ ապարդյուն։

«Այն, որ պարոն Մանուկյանը հայտարարում է, որ ստեղծվել է աննախադեպ ատելության մթնոլորտ, այդ ատելության մթնոլորտը ինքը ևս վերարտադրում է, և այդ ատելության մթնոլորտին աջակցություն է տալիս նաև հենց Վազգեն Մանուկյանը, և այստեղ է նաև խնդիրը», - շեշտեց Գայանե Աբրահամյանը:

2009 թվականից Հանրային խորհուրդը ղեկավարող Վազգեն Մանուկյանը պաշտոնում վերանշանակվել էր ապրիլի 4-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նա իր նամակում ընդգծել է, որ կշարունակի պայքարը հանուն պետության և ժողովրդի շահերի։

XS
SM
MD
LG