Մատչելիության հղումներ

Փաշինյանի հավաստմամբ՝ «արդեն շոշափելի հաջողություններ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում»


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

«Համահայկականության հաստատումը՝ առաջնահերթություն»

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տիրույթում պաշտոնական Երևանի նոր քաղաքականության իմաստը համահայկականության հաստատումը որպես առաջնահերթություն արձանագրելն է: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ երեկ ելույթ ունենալով Փարիզում ի պատիվ Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ տրված ընդունելության ժամանակ:

Նա արձանագրել է, որ «այդ նոր քաղաքականության իմաստը ճիշտ նույն կերպ ընկալված է նաև միջազգային գործընկերների կողմից»: «Երեկ և այսօր զրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, և այդ երկու հանդիպումների ընթացքում էլ Ֆրանսիայի նախագահը հատուկ անդրադարձ է ունեցել ֆրանսիայի հայ համայնքին:Եվ սա ինձ առանձնապես ուրախացնում է այն փաստով, որ օրինակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի կառավարությանը, Հայաստանը և Սփյուռքը դիտարկում է որպես մեկ ամբողջություն: Եվ մեր շփումներում իմ բարեկամը` էմանյուելը, անընդհատ ուզում է ընդգծել, թե ինչքան կարևոր, ազդեցիկ է Ֆրանսիայի հայ համայնքը և ինչպիսի մեծ դերակատարում ունի Ֆրանսիայի հանրային կյանքում, բոլոր ոլորտներում: Եվ ինձ համար մեծ պատիվ է, երբ նա անուններով, ազգանուններով հիշում է մի շարք մարդկանց, ովքեր այսօրվա երեկոյին ներկա են», - հայտարարել է Փաշինյանը:

«Իրականում համահայակականության գաղափարը շատ կարևոր է մեզ համար, որի հիմնական գաղափարը հետևյալն է. չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի», - ընդգծել է վարչապետը:

«Մեր կառավարության նպատակն այսպիսի իրավիճակ ստեղծելն է. Հայաստանի Հանրապետությունն ամբողջ հայության ներկայացուցիչն է և սա այն վճռական գործոնն է, որ պետք է թույլ տա իրական փոփոխություններ մտցնել մեր երկրի, ժողովրդի պատմական ճակատագրի մեջ, այդ ճակատագիրը հանել այն արատավոր ցիկլից, երբ մեր բախտը բերում է և աշխարհաքաղաքական հանգամանքները նպաստավոր են` ունենում ենք պետականություն, իսկ երբ այն փոխվում է` մենք կորցնում ենք այդ ամենը: Մեր խնդիրն է` դուրս գալ այդ ցիկլից, և կարող եմ վստահ ասել, որ այսօր մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ ցիկլից», - ասել է Փաշինյանը:

«Արդեն շոշափելի հաջողություններ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում»

«Այս մեկուկես տարվա գործունեությունից հետո կարող եմ ասել, արձանագրել, որ մենք արդեն շոշափելի հաջողություններ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Լեռնային Ղարաբաղի հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք և բովանդակություն, որն ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական ասելիքի և բովանդակության հետ: Իմ համար վարչապետի կարգավիճակում ամենամեծ զարմանքն այն է, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը և դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև», - նշել է Հայաստանի ղեկավարը՝ շարունակելով․ - «Եվ կարող եմ ասել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատում էինք ԼՂ հարցի իրական բովանադակությունը, այն, որ մենք մեր ներսում կրում ենք, դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին: Մինչև բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, և ես սա համարում եմ հաջողություն»:

«Այսօր կարող եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում մեր դիրքորոշումները. նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջին նյուանսը նույնական լինի, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր: Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նշելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում որոշակի հոռետեսական գնահատումներ են հնչել, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ, նա շեշտել է․ - «Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ, որ ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը»:

«Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և այսօր էլ չունենք: Հայ-վրացական հարաբերությունները, թույլ տվեք պնդել, երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն, և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման», - հայտարարել է վարչապետը:

«Ժողովրդի իշխանությունը Հայաստանում այլընտրանք չունի»

Անդրադառնալով ներհայաստանյան իրականությանը` Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդի իշխանությունը Հայաստանում այլընտրանք չունեն:

«Միջազգային շատ հարթակներում, այսօր էլ գործընկերներիս ելույթները լսելիս արձանագրում էի, որ նրանք խոսում էին իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Ես այդ ելույթները լսելով, ինքս իմ ներսում խոսում էի, որ մեզ այդ ճանապարհը չի կարող հետաքրքիր լինել, որովհետև մենք պետք է խոսենք ոչ թե կոռուպցիան նվազեցնելու, այլ այն արմատախիլ անելու մասին: Եվ մենք հստակ գնում ենք այդ ճանապարհով, ու որևէ նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա չի կարող հույս ունենալ, որ կարող է դուրս մնալ այս տրամաբանությունից: Մեր կուսակցական փակ ժողովներում մի քանի անգամ այս քննարկումն ունեցել ենք և ասել. Հայաստանից կամ ժողովրդից մի կոպեկ գողացողն ուղիղ անձնական թշնամի է մեզ համար: Մնացածն արդեն բանավեճ է Հայաստանի ապագայի մասին և ես համոզված եմ, որ այն գնալով ավելի ու ավելի բովանդակային կդառնա», - ասել է վարչապետը:

«Ես չեմ կարող երաշխավորել, որ մեր կառավարությունը, անձամբ ես կլինենք անսխալական, բայց կարող եմ երաշխավորել, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորություն` ուղղել մեր սխալներն այն ժամանակ, երբ կհամարի, որ մենք սպառել ենք մեր սխալներն ուղղելու հնարավորությունները: Որովհետև մենք այսօր հանդես ենք գալիս որպես ՀՀ կառավարություն, որպես ՀՀ իշխանություն, բայց ուզում եմ արձանագրել, որ ՀՀ –ում իշխանությունը պատկանում է ՀՀ հպարտ քաղաքացուն և մենք մեզ ընկալում ենք որպես քաղաքացուն, երկրին ծառայություն մատուցող: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ ծառայությունը կմատուցենք մեր կարողությունների առավելագույն ուժերով: Մնացածն արդեն քաղաքացիների գնահատման խնդիրն է», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացումներին և այլ թեմաների:

«Մեր կրթական քաղաքականության հիմնական խնդիրն է՝ երեխային օգնել լինելու ավելի մրցունակ»

Ներկաներից մեկի հարցերին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է․ - «Մենք հիմա նայում ենք, թե ինչ փոփոխություններ կարող ենք մտցնել, որպեսզի երեխային ճիշտ ճանապարհով կարողանանք տանել դեպի ուղիղ ոչ թե աղքատության հաղթահարում, այլ միանգամից բարեկեցության հաստատում: Եվ մենք էսօր մեր կրթական ծրագրերը նայում ենք, տեսնում ենք, թե ինչ, էնտեղ, մենք ոնց ենք էդ դասաժամերը զբաղեցնում և ինչ կարող ենք ազատել, որը ճակատագրական նշանակություն չի կարող ունենալ, որպեսզի երեխային տանենք էն ճանապարհով, մեծացնելով ֆիզիկա, մաթեմատիկա և տեխնիկական գիտությունների կրթությունը, որպեսզի երեխան, ավարտելով դպրոցը, ստանա այնպիսի բարձրագույն կրթություն, որ կրթություն ստանալուց անմիջապես հետո ինքը մուտք գործի բարեկեցիկ կյանք»:

«Մեր կրթական քաղաքականության հիմնական խնդիրը հետևյալն է՝ ինչպես անել, որ երեխային օգնել, որ ինքը լինի ավելի մրցունակ, ինքը կարողանա իր կյանքի հոգսերը հոգալ, գտնել աշխատանք, և ոչ թե անընդհատ ակնկալի, որ կառավարությունը, Սփյուռքը, բարեգործական կազմակերպություններն իրեն հաց են տալու: Եվ մենք ուզում ենք, որ էսօր մեր արդյունաբերության ոլորտում, ռազմարդյունաբերության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում աշխատատեղ պատրաստելու առաջնահերթ խնդիրը լուծենք, որովհետև դա լուծում է ոչ միայն աղքատության հարցը, դա լուծում է մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման հարցը», - հայտարարել է վարչապետը:

«Մեզ էսօր պետք են ինժեներներ՝ երկու պարզ պատճառով․ առաջինը՝ ինժեները շատ արագ, անմիջապես բարձր վճարվող աշխատանք կգտնի մեր աշխատաշուկայում, անմիջապես, անմիջապես, որ պահին ինքը արդեն որակավորվի ինժեներ՝ կես ժամ հետո ինքը սկսած 200 հազար դրամից աշխատանք կգտնի, և մի տարվա ընթացքում իր աշխատանքը կկրկնապատկվի, աշխատավարձը կկրկնապատկվի, կեռապատկվի, և երկրորդը՝ էդ ինժեները հաջորդ պահին կկարողանա լուծել էն առաջադրանքները, որ էսօր մեր ռազմարդյունաբերական համալիրը կդնի իր առաջ, որը, որպես արդյունք, կլուծի մեր երկրի անվտանգության ապահովման մակարդակի հարցը», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG