Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։ Ելիսեյան պալատում Հայաստանի վարչապետին դիմավորել է Ֆրանսիայի նախագահը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնական ընդունելությանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն և այլք։
Այսօր Հայաստանի վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։
Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։
Այցի շրջանակում վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է վարչապետի ելույթը։