Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել Արսեն Բաբայանին, հիմնավորումների մասով ամեն ինչ պարզ է․ առհասարակ Արսեն Բաբայանին կալանավորելու համար ո՛չ օրենքով սահմանված պայմանը գոյություն ուներ, ո՛չ նրան կալանավորելու համար անհրաժեշտ հիմքերը և մենք դա լրացուցիչ անգամ հիմնավորել ենք նաև վերաքննիչ դատարանի համար, թեպետ իմ համար միանշանակ է, որ առաջին ատյանի դատարանի համար էլ էր այդ ամենը պարզ», - ասաց պաշտպանը:
Երվանդ Վարոսյանը նշեց՝ ակնհայտ է, որ Բաբայանին առաջադրված մեղադրանքը «հեքիաթների ժանրից է»՝ շարունակելով․ «Ուստի դրա հիմնավոր կասկած գոյություն ունենալ չի կարող»:
Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի կողմից քննությանը խոչընդոտելու կամ թաքնվելու վտանգներին փաստաբանն ասաց․ «Անգամ առաջին ատյանի դատարանը չգտավ այդպես էլ որևէ բառակապակցություն, որով փորձի ձևականորեն այդ ամենը հիմնավորել, պիտի բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկենք՝ ժամ առաջ Արսեն Բաբայանը լինի ազատության մեջ: Ինչքան Արսեն Բաբայանը գտնվեց անազատության մեջ, այնքան Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը լինելու է ավելի շատ»:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Դատարանը հոկտեմբերի 24-ին բավարարել էր Արսեն Բաբայանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: