Մատչելիության հղումներ

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը


Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն մասնակցել են Ազգային պատկերասրահում Հայրենական Մեծ պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Սերգեյ Լավրովն այսօր է ժամանել Հայաստան պաշտոնական երկօրյա այցով:

Հայաստանի արտգործնախարարությունը ներկայացրել է Զոհրաբ Մնացականյանի ելույթը. «Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ։ Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիացիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։ Սա, իրավամբ, համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր», - ասել է Մնացականյանը։

Նա ընդգծել է, որ հայերը հատուկ վերաբերմունք ունեն Հաղթանակի օրվա և ԽՍՀՄ ժողովորդի՝ Մեծ հայրենական պատերազմում դրսևորած հերոսության նկատմամբ, և դա պատահական չէ։

«Նացիզմի դեմ պայքարում մեծ մասնակցություն է ունեցել նաև հայկական սփյուռքը․ նրա ներկայացուցիչներն անդամակցել են Դիմադրության շարժումներին, կռվել են դաշնակիցների զորամիավորումներում, դրամական միջոցներ են հավաքել՝ Կարմիր բանակին օգնելու համար»,- հավելել է ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովի այցի ընթացքում, Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, նախատեսվում են Լավրովի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG