Իրանի տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Հեռախոսազրույցի ընթացքում Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն, ասված է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, այսօր տեղական ժամանակով ժամը 2:47 Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալլ ուժգնությամբ: