Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբան, 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունները քննած նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը պնդում է՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հավասարաչափ առնչվում է այս պատմությանը, թեև փորձել է իրեն հեռու պահել այս ամենից։
Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարցաքննվել է որպես վկա։ Ըստ Սեդա Սաֆարյանի, կարևորագույն մեկ հարցի Սարգսյանը հետևյալ պատասխանն է տվել. - «Երբ որ հարցնում են, թե Արցախի սահմանից երբ որ զորքը, երբ որ քննիչը հարց է ուղղում, ասում է՝ «Արցախից երբ որ զորք էիք բերում, չէի՞ք մտածում, որ սահմանները թուլացնում եք», Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը էդպիսի լիրիկական զեղումներով հարցերին չի պատասխանում»:
«Ասենք թե, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է ի նկատի ունեցել էդ հարցի պատասխանը էդպես ձևակերպելով, արդյո՞ք քննիչը ավելի խորքային հարց չի տվել, ինչը իր համար կարող է լիրիկական զեղում լինի կամ քնարական զեղում լինի, բայց մեր ազգի համար շատ ողբերգական է եղել: Որովհետև մենք գեներալ ունենք, որն ընդունել է, որ երբ որ մարտի 1-ին զորք են բերել, այո, մենք սահմաններում թուլացում ունեցել ենք, և Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի արդյունքում որոշակի զիջումներ ունեցել ենք», - ընդգծեց Սաֆարյանը՝ «Ազատության» հարցին, թե կարո՞ղ է այդ գեներալի անունն ասել, արձագանքելով․ - «Անունը չեմ ասի, բայց երբ որ հրապարակումների փուլ լինի, դուք կտեսնեք, որ այդ անձնավորությունը, այդ գեներալը այդպիսի ցուցմունք է տվել»:
Քրեական գործի նյութերն ուսումնասիրած Սեդա Սաֆարյանը պնդում է՝ 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ Ղարաբաղից բերվել է մոտ 100 զինվորական, ԱԱԾ-ական, և Սերժ Սարգսյանն այդ փաստն իր ցուցմունքում չի էլ հերքել:
«Սերժ Սարգսյանը, չհերքելով նրանց գալը, չի հերքել, բայց փորձել է դա կապել ամսի 2-ին, 3-ին, իբր թե 2-ին, 3-ին են եկել, սա մի ճշմարտությունը խեղաթյուրելու պատկեր», - նշեց փաստաբանը:
Գործի նյութերում առկա են նաև այն ժամանակվա պաշտպանության նախարար, այս գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատողությունները որոշ զինվորականներին, ասում է Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբանը․ - «Եղել են, որ զինվորականի համազգեստով մարդիկ են եղել, ովքեր խմած, իրենց վատ են պահել և փողոցներում․․․ Այո, գործի նյութերում կան, որ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եկավ, նկատողություն տվեց, ասեց՝ «ձեզ վատ եք պահում, զինվորականին ոչ վայել», և այլն, և այլն»:
Այլ մանրամասներ ցուցմունքներից փաստաբանը չցանկացավ հրապարակել։
«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ է դեմ, որ Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի, Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ - «Եթե անգամ նախագահ չէ, ապա նրա ավանդական և բարձրաստիճան կապերը, մտերմիկ հարաբերությունները շատերի հետ, իր կողմից նրանց նշանակված լինելու հանգամանքը, իր կողմից շատերի աշխատանքի նշանակված լինելու հանգամանքը՝ էս բոլորը կարող են կրկին օգտագործվել, և կա այդպիսի հավանականություն, հետևապես՝ խափանման միջոցը փոխելը Ռոբերտ Քոչարյանի կարծում եմ, որ ազդող կլինի քրեական գործի ողջ ապացույցների, ապացուցողական բազայի պահպանվածության վրա»:
Այս գործով ամբաստանյալներ են Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները՝ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը։ Չորսից միայն Քոչարյանն է կալանավորված, նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Թեև գործով դատավարությունը սկսվել է գարնանը, բայց բուն գործին այդպես էլ դեռ անդրադարձ չի եղել՝ դատավորները հիմնականում քննել են նախկին նախագահի կալանքի հարցը: Նախորդ նիստին ևս փաստաբանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Քոչարյանին՝ գումարի չափը թողնելով դատավորի հայեցողությանը: Այսօր պարզ կդառնա՝ դատարանը կբավարարի՞, թե՞ կմերժի այս միջնորդությունը: