Մատչելիության հղումներ

Հայաստանցիների 92 տոկոսը դրական է գնահատում Եվրամիության հետ հարաբերությունները․ Մնացականյան


Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երեկ կայացած Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ու արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ հայաստանցիների 92 տոկոսը դրական է գնահատում Եվրամիության հետ հարաբերությունները:

«Արևելյան գործընկերության նոր քաղաքական տեսլականը» համաժողովում Մնացականյանը խոսել է նաև Եվրոպայի մասը լինելուց և ընդհանուր արժեքներից, որոնք թույլ տվեցին անցած տարի Հայաստանում իրականացնել թավշյա հեղափոխություն․ - «Հայաստանի մասով լավ աշխատանք է կատարվել։ Այս ամռանն արված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակության 92 տոկոսը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այսինքն, լավ աշխատանք է տարվել հաղորդակցության մասով։ Ես լիովին համաձայն եմ արտահայտված տեսակետների հետ: Դա հենց այն է, ինչ ես ի նկատի ունեմ, երբ խոսում եմ արդյունավետ բազմակողմանիության ռազմավարական կարևորության մասին, հատկապես մենք՝ փոքր պետություններս, կախված ենք դրանից: Սա արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ»:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, թե նախորդ երեսուն տարիների ընթացքում որքան հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհի ռազմավարական դասավորվածությունում՝ թվարկելով Բեռլինի պատի փլուզումը, ազատության հաղթանակը, ժողովրդավարության, մարդու իրավունքների գաղափարախոսության գերակայությունը:

«Այո, ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ մեծ իրադարձություն է տեղի ունեցել՝ անցյալ տարվա թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դա հնարավոր եղավ ընդհանուր արժեքներին հավատարիմ լինելու շնորհիվ: Այս 28 տարիների ընթացքում՝ սկսած Հայաստանի անկախությունից, մենք հայտարարել ենք դրա մասին: Եղել են բազմաթիվ սայթաքումներ, մենք անցել ենք բազում դժվարությունների, ողբերգության միջով, սակայն հնարավոր եղավ իրականացնել նմանօրինակ հեղափոխություն, որովհետև ձևավորվել էր համապատասխան հիմք, և եվրոպական մոդելը, եվրոպական ընդհանուր արժեքներն ընկած էին դրա առանցքում: Աստիճանաբար ձևավորվել էր մի սերունդ, որը ունակ եղավ դուրս գալու և իրականացնելու այդ հեղափոխությունը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Շվեդիայում իր այցը շարունակող Հայաստանի արտգործնախարարը ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Պրիստայկոյի հետ այսօր հյուրընկալվել է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների իսնտիտուտում:

Զոհրաբ Մնացականյանի ելույթից հետո հարց է ուղղել նաև ադրբեջանցի պատգամավորը, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալ՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի բանաձևեր:

Մնացականյանը հակադարձել է․ - «Դուք լսե՞լ եք Բաքվի մասին: Լսե՞լ եք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսե՞լ եք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզում եք շարունակե՞մ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրա՞ստ եք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրա՞ստ եք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրա՞ստ եք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե՞ պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով՝ երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդիրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք»:

Այսօր Ստոկհոլմում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը:

XS
SM
MD
LG