Թուրքիան հայտնել է «Իսլամական պետության» սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավագ քրոջը՝ Ռասմիյա Ավադին Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ ավանում ձերբակալելու մասին:
65-ամյա Ավադը, նրա ամուսինը և հարսը երեկ ձերբակալվել են թուրքական անվտանգության ուժերի իրականացրած գործողության ընթացքում և հիմա հարցաքննվում են: Գործողության ընթացում Ռասմիյա Ավադը վիրավորվել է:
«Մենք հուսով ենք Բաղդադիի քրոջից լրացուցիչ տեղեկություններ ստանալ «Իսլամական պետության» ներքին կառուցվածքի մասին», - ասել է թուրքական անվտանգության ծառայության մի անանուն պաշտոնյա:
Աբու Բաքր ալ-Բաղդադին համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման հիմնադիրներից մեկը:
Բաղդադին, նրան ուղեկցող թիկնապահները, զինակիցներն, ինչպես նաև զավակները սպանվել են հոկտեմբերի 26-ին ամերիկյան հատուկ ջոկատի իրականացրած գործողության ընթացքում:
«Իսլամական պետություն»-ը հաստատել է ալ-Բաղդադիի մահվան լուրը և հայտնել է, որ նոր լիդեր է նշանակվել Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին: