Պենտագոնը հրապարակել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման հատուկ գործողության մանրամասները: Ցուցադրվել են դրոնից արված տեսանյութեր, լուսանկարներ, բարձրաստիճան զինվորականները նկարագրել են հատուկ գործողության ընթացքը, պարզաբանումներ տվել:
«Մենք պարզեցինք, որ նա թաքնվում է Իդլիբ նահանգում՝ խուսափելով Սիրիայի մյուս վայրերում «Իսլամական պետության» վրա իրականացվող ուժեղ ճնշումներից», - Պենտագոն հրավիրված լրագրողներին ասել է Ամերիկայի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ ՄըքՔենզին:
Գաղտնազերծված տեսանյութերում ամերիկացի զինծառայողները մոտենում են պարսպապատված մեծ առանձնատանը, գրոհին են միանում մարտական ուղղաթիռներ: Գործողության ընթացքում օդային հարվածներով մեկ տասնյակից ավելի զինյալներ են ոչնչացվել, որոնք գտնվել են շրջակայքում, ևս 4 կին մահապարտի գոտիներով պայթեցրել են իրենց: Թաքստոց-առանձնատնից դուրս եկած մարդկանց խուզարկել են ու դուրս հանել հատուկ գործողության գոտուց:
Գեներալը հաստատել է քրդերի օգնությունը՝ ասելով, որ քրդերի առաջնորդությամբ գործող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» տրամադրած նախնական հետախուզական տվյալները շատ օգտակար էին, կարող է ասել, որ նրանք գործողության մաս են կազմել, բայց բուն գործողությունը իրականացրել են միայն ամերիկացի զինծառայողները:
Անցած կիրակի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը առաջինը հայտարարեց «Իսլամական պետության» առաջնորդի ոչնչացման մասին: Նրա կյանքի վերջին րոպեների մասին Թրամփն ասել էր, թե պաշարման մեջ հայտնված Բաղդադին իր երեք երեխաների հետ թունել էր մտել ու մինչև իրեն պայթեցնելը «հեկեկացել է, վնգստացել ու ոռնացել»:
Քենեթ ՄըքՔենզին Բաղդադիի վերջին րոպեների մասին ասել է․ «Կարող եմ ասել, որ նա սողալով գնացել է դեպի թունելը՝ իր երկու երեխաների հետ, և ինքն իրեն պայթեցրել: Ես չեմ կարող դրանից ավելին հաստատել»:
Պենտագոնը առաջին անգամ ներկայացրեց նաև ԴՆԹ-ի հետազոտության արդյունքները: 2004 թվականին Բաղդադին Իրաքում բանտարկված է եղել ամերիկյան ռազմաբազայում, այն ժամանակ նրանից վերցրած կենսաբանական տվյալների ու հիմա նրա մարմնի մնացորդներից վերցված նմուշների հետազոտությունը հաստատել է, որ ԴՆԹ-ն նույնն է՝ սպանվածը Աբու Բաքր ալ-Բաղդադին է:
Հատուկ գործողությունից հետո F-15 օդանավերի ու մարտական անօդաչու թռչող սարքերի ռմբակոծություններով Բաղաղիի թաքստոց-առանձնատունը ամբողջովին ոչնչացվել է, բայց մինչ ռմբահարումը ամերիկացիները խուզարկել են շենքը ու հայտնաբերված փաստաթղթերն ու էլեկտրոնիկան դուս հանել: Դրանց ուսումնասիրությունը կօգնի «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարին:
Բաղդադին գլխավորում էր Ամերիկայի ահաբեկիչների ցուցակը: Նա թիվ մեկ թիրախն էր 2014 թվականից, երբ հայտարարել էր Սիրիայի և Իրաքի մեծ տարածքների վրա «Իսլամական խալիֆաթ» ստեղծելու մասին:
Գեներալ ՄըքՔենզին ասել է, որ հատուկ գործողությունից հետո ամերիկացի զինվորականները զգոն են մնում, քանզի չի բացառվում, որ Բաղդադիի կողմնակիցները կարող են փորձել վրեժխնդրության գործողություններ իրականացնել: