Մատչելիության հղումներ

Թրամփ. «Աբու Բաքր ալ-Բաղդադին սատկել է շան նման»


«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնցանելու վայրը, Բարիշա գյուղ, Սիրիա:
«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնցանելու վայրը, Բարիշա գյուղ, Սիրիա:

«Իսլամական պետության» առաջնորդի ոչնչացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտնել է ամերիկյան հատուկ ջոկատի իրականացրած գործողության արդյունքում թիվ մեկ ահաբեկիչ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու մասին:

Երեկ առավոտյան ժամերից միջազգային լրատվամիջոցները հաղորդել են, որ ամերիկացիները Սիրիայում ինչ-որ շատ կարևոր օպերացիա են անցկացրել և վերացրել են ամբողջ աշխարհին սպառնացող ահաբեկչական շարժման ամենաբարձրաստիճան ղեկավարներից մեկին:

Դրան զուգահեռ Սպիտակ տունն ազդարարել է, որ Թրամփը հանդես կգա կարևոր ուղերձով: Եվ ահա արդեն երեկոյան նախագահը հաղորդել է գործողության մասին, ընդ որում շատ կոշտ խոսքեր է հնչեցրել Բաղդադիի հասցեին:

«Ոռնալով սպանվել է և իր հետ տարել երեք երեխաներին»

«Նա շան նման է սատկել, մահացել է սրիկայի պես, հեկեկալով, վնգստալով, ոռնալով, անկեղծ ասեմ, լավ կլինի, որ դա հրապարակվի, որ նրա հետևորդները, բոլոր այն երեխաները, որ ուզում են լքել իրենց երկրներն, այդ թվում Ամերիկան, և միանալ ահաբեկիչներին՝ տեսնեն, թե ինչպես են նրան վերացրել, նա հերոսի նման չի զոհվել, նա մահացել է սրիկայի պես, լացելով, գոռալով ու իր երեք երեխաներին հետը տանելով»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Ըստ ամերիկյան աղբյուրների, Իդլիբում ստորգետնյա թունելներում թաքնվող Բաղդադին փորձել է փախուստի դիմել, ամերիկացիները նրան մղել են դեպի ելք չունեցող մի թունել:

Համոզվելով, որ ամերիկացիները մոտենում են, իսկ ինքը ծուղակն է ընկել՝ Բաղդադին պայթեցրել է պայթուցիկներով լիցքավորված բաճկոնը, նրա մարմինը կտոր-կտոր է եղել, թունելը փլվել է, զոհվել են նաև երեք զավակները:

Ամերիկյան թիմը տեղում գենետիկ ստուգում է կատարել և 15 րոպե անց հայտնել, որ մարմնի մնացորդները Բաղդադիինն են: Դա էր «Իսլամական պետություն» շարժման լիդերի վերջը:

«Ռուսները և ուրիշները մեր չափ են ատում իսլամիստներին»

Գործողությունը չորս ժամ է տևել: Թրամփի փոխանցմամբ, ամերիկացիներն ընթացքում կապի մեջ են եղել տարածաշրջանում գտնվող ուժերի հետ:

Թրամփը գովեստով է խոսել ռուսների հետ համագործակցության մասին՝ ասելով, որ հատուկ ջոկատն ուղղաթիռներով անարգել անցել է ռուսների կողմից հսկվող տարածքով:

«Թռիչքը և վերադարձը շատ վտանգավոր էին, կար կրակի ենթարկվելու վտանգ, Ռուսաստանը հրաշալի վարվեց մեզ հետ: Նրանք բացեցին ճանապարհը, մենք անցել ենք նրանց հսկողության տակ գտնվող որոշ տարածքներով: Ռուսաստանը, Իրաքը շատ լավ էին մեր հանդեպ, նրանք չգիտեին, թե կոնկրետ որն է մեր նպատակը, ուր էինք մենք ուղևորվում, բայց հաջող ավարտվեց, հրաշալի համագործակցություն»,- ասելէ Թրամփը և ավելացրել. «Նրանք [ռուսները], ինչպես և այլ երկրները՝ ճիշտ մեզ չափ են ատում «Իսլամական պետության» զինյալներին»:

«Իսլամական պետություն» շարժումն ու դրա դաժան լիդերը

Իրաքում ծնված Աբու Բաքր ալ-Բաղդադին «Իսլամական պետության» հիմնադիրներից էր և վերջին տարիներին շարժման առաջնորդը:

«Իսլամական պետությունն» է Սիրիայում և Իրաքում աննկարագրելի դաժան հարձակումներ կատարել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլև ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա:

«Իսլամական պետությունն» է ստանձնել հինգ մայր ցամաքներում տեղի ունեցած ահաբեկչական գրոհների պատասխանատվությունը:

Երբ ամերիկացիները ոչնչացրել են «Ալ Ղայդայի» լիդեր Ուսամա Բին Լադենին, իսլամական մոլեռանդ զինյալ խմբավորումների շրջանում տարիներ անց հենց Բաղդադին է ճանաչվել առաջատար հրամանատարներից մեկը:

«Իսլամական պետության» ազդարարած նպատակն էր Սիրիայի, Իրաքի և Մերձավոր Արևելքի մի շարք այլ շրջաններում ստեղծել միացյալ խալիֆայություն՝ կրոնապետույուն, որն առաջնորդվելու էր շարիաթի օրենքով:

«Մի անհանգստացեք, պարզապես հեռու մնացեք»

Բաղդադիին ոչնչացնելու օպերացիան անակնկալ էր տեղացիների համար:

«Մենք արթնացանք օդանավերի ձայնից, դուրս եկանք, տեսանք զինվորներին, նրանք կարգադրեցին.- «Գետնին պառկեք, գետնին պառկեք»: Նրանք մեր ձեռքերը կապեցին շղթաներով, հարցրեցին.- «Ճանաչո՞ւմ եք այս էդ մարդուն»: Մենք ասացինք, որ չենք ճանաչում, տեսել եք եկող-գնացողներին, բայց հետները չենք երբեք շփվել: Զինվորներն էլ ասացին.- «Մի անհանգստացեք, դուք ապահով եք, պարզապես հեռու մնացեք»,- ասել է շրջանում բնակվող անանուն ականատեսը:

Քրդերը նպաստել են գործողության հաջողությանը

Թրամփը գովեստով է խոսել ոչ միայն ռուսների, իրաքցիների, այլև քրդերի դերակատարության մասին, քանի որ նրանք էլ իրենց ուժերի չափով նպաստել են Բաղդադիին ոչնչացնելու գործողությանը:

«Գործողությունը սկվեց այն բանից հետո, երբ ռազմական հետախուզությունն անցած ամիսներին հաստատեց, որ շրջանում են Իսլամական պետության բարձրաստիճան պարագլուխներն, այդ թվում Բաղդադին»,- ասել է քրդերի առաջնորդած Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակ Կաինո Գաբրիելը:

Կրեմլը «եթե»-ով է ողջունում

Այսօր ամերիկացիների հատուկ օպերացիային է անդրադարձել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Եթե Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման լուրը համապատասխանում է իրականությանն, ապա դա կարելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուրջ ներդրումը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Պեսկովը:

Բաղդադիին ոնչացնելու գործողությունը ներքաղաքական բարդ խնդիրներ ունեցող Թրամփի համար մեծ նվաճում է: Մինչդեռ, փորձագետների փոխանցմամբ, դեռ վաղ է խոսել «Իսլամական պետության» վերջնական ջախջախման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG