Վաղը պետք է մեկնարկեր Բրեքզիթը՝ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, սակայն անցած օրերին Լոնդոնը և Բրյուսելը պայմանավորվել են դա հետաձգել մինչև հաջորդ տարվա հունվարի վերջը:
Փոխզիջման գինը հետևյալն է․ պահպանողական վարչապետը խոստանում է պայմանագրով իրականացնել Բրեքզիթը, իսկ լեյբորիստական ընդդիմությունն ընդունում է արտահերթ ընտրությունների առաջարկը:
Երեկ խորհրդարանը՝ 438 կողմ, 20 դեմ քվեների հարաբերակցությամբ վճռեց, որ դեկտեմբերի 12-ին Միացյալ Թագավորությունում տեղի կունենան արտահերթ ընտրություններ:
Հիմա, ըստ օրենքի, որոշումը պետք է հաստատի Լորդերի պալատը, սակայն վերին պալատն առարկություն չի ներկայացնի, հետևաբար, որոշումը գործնականում արդեն ընդունված է:
Մեծ Բրիտանիայում վերջին անգամ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել գրեթե մեկ դար առաջ՝ 1923 թվականին:
Եվրոպական միությունը երրորդ անգամ է Բրեքզիթը հետաձգելու թույլտվություն շնորհում Լոնդոնին:
Դուրս գալը պետք է մեկնարկեր այս տարվա մարտի 29-ին, բայց առաջին անգամ հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը, երկրորդ անգամ հետաձգվեց մինչև հոկտեմբերի 31-ը, և ահա երրորդ հետաձգումը՝ վերջնական ժամկետը, որը, Բրյուսելի պնդմամբ, այլևս ոչ մի դեպքում չի փոխվի, 2020 թվականի հունվարի 31-ն է:
«Ժամանակն է, որ միավորվենք և վերջապես լուծենք «Բրեքզիթի» հարցը», - այս պատգամով է կուսակիցներին երեկ դիմել վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Պահպանողականների առաջնորդը համոզված է, որ կհաղթի: Այդ դեպքում նա կարող է նոր խորհրդարանում նորից քվեարկության դնել Բրյուսելի հետ շաբաթներ առաջ համաձայնեցրած փաստաթուղթը, որը մերժվեց լեյբորիստների, ինչպես նաև մի խումբ պահպանողականների կողմից:
Հարցումների արդյունքները վկայում են, որ Բորիս Ջոնսոնի պահպանողականները մոտ 10 տոկոսի առավելություն ունեն Ջերեմի Քորբինի առաջնորդած լեյբորիստների նկատմամբ:
Իսկ եթե Քորբինը հաղթի, ինչը տեսականորեն անհնարին չէ, ապա իշխանության կգա արմատական սոցիալիստական կառավարություն, որը Բրեքզիթի հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու կողմնակից է:
Միանգամայն հնարավոր է նաև բրիտանացիների և եվրոպացիների համար ամենաանցանկալի երրորդ տարբերակը՝ ո՛չ պահպանողականները, ո՛չ էլ լեյբորիստները մեծամասնություն չեն վաստակում, և այդ դեպքում բոլորին հոգնեցրած այս Բրեքզիթի ոդիսականը շարունակվում է: