«Դուք շրջանցել եք օրենքը, կրկնապատկել եք պաշտոնատար անձանց աշխատավարձը առանց խորհրդարանի», - Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի առաջին հարցերից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանինն էր՝ ուղղված վարչապետին: Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարականով նախարարների, փոխնախարարների և նախարարությունների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների աշխատավարձը կրկնապատկվել է:
«Ինչո՞ւ է այդպես որոշվել, ը ինչո՞ւ օրենքը չի բերվել խորհրդարան և սանդղակը չի վերանայվել», - հարցրեց Մարուքյանը:
Փաշինյանը նախ շեշտեց, որ այդ որոշման արդյունքում, որոշ պաշտոնյաների աշխատավարձն իջել է: Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարի պարգևատրումների սկանդալի ժամանակ հստակ արձանագրվել է, որ աշխատավարձերի անհամաչափություն կա, հարցը խորհրդարանում քննարկաման թեմա է դարձել, և ինքը պաշտպանել է պարգևատումների անհրաժեշտությունը․ - «Մենք էս պրոցեսը տարել ենք հրապարակային: Որովհետև 2019 թվականի բյուջեի քննարկումների արդյունքում ես այս ամբիոնից լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգևատրումների ֆոնդ: Եվ բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմացել եք դրա մասին և դուք քվեարկել եք դրա օգտին»:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ պարգևատրումների 30 տոկոսանոց ֆոնդ են հաստատել, մինչդեռ աշխատավարձը կրկնապատկվել է:
Վարչապետի արձագանքը․ - «Բայց մենք չենք ասել, որ 30 տոկոս ա աշխատավարձերը բարձրանալու: Մենք ասել ենք՝ էդ բյուջեից գերատեսչության աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով սահմանվելու ա պարգևատրումային ֆոնդ: Ինչը նշանակում ա, կառավարությունը կարող ա էդ 30 տոկոսը իր հայեցողությամբ օգտագործել»:
Փաշինյանը տեղին չի համարում նաև համեմատությունները պաշտոնյաների ու թոշակառուների ստացած գումարների առթիվ․ - «Որովհետև նախարարի աշխատանքի որակից ա կախված, թե թոշակառուի թոշակը կավելանա՞, թե՞ չի ավելանա, և ավելանա ինչ տեմպով: Էս տարի մենք 19-20 տոկոս տարվա արդյունքներով կապահովենք պետական բյուջեի եկամուտների աճը, հունվարի 1-ից թոշակները կբարձրանան»:
Ինչ վերաբերում է որոշման գաղտնիությանը, Փաշինյանն այդպես չի կարծում: Նա ասաց, թե իներցիոն, ընթացակարգային կարգով է այդ որոշումը գաղտնի գրիֆով անցել: Ըստ վարչապետի, ով ուզի, կարող է պարզել, թե որքանով են ավելացել պաշտոնատարների եկամուտները․ - «Որովհետև նախարարը ամեն տարի լրացնում ա հայտարարագիր, և որևէ մեկը մտածի, որ նախարարի վճարումը պետք է գաղտնի բարձրացվի, դա հնարավոր չի, որովհետև էդ հայտարարագիրը դրված ա կայքում, ինտերնետում, հասանելի ա 24 ժամ, և ցանկացած մարդ, ով ունի հաշվիչ կամ մաթեմատիկայից լավ ա, էդ թիվը կարա բաժանի 12-ի ու տեսնի նախարարը ինչ աշխատավարձ է ստացել»:
Պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքրում էր, թե նախկին օլիգարխները, խոշոր սեփականատերերը, որոնք, ըստ պատգամավորի, 20 տարում Հայաստանի տնտեսությանը անդառնալի վնաս են հասցրել, ինչպես պետք է իրենց փողերը Հայաստանի տնտեսություն բերեն, ինչպես է կառավարությունը պատկերացնում նրանց հետ համագործակցությունը:
«Տնտեսությունը շարունակում է անկողնային հիվանդ մնալ», - ասաց Բաբաջանյանը, ինչին չհամաձայնեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տնտեսությունում լավ դինամիկա կա, իսկ գործարարաների առումով մոտեցումը մեկն է՝ հարստացեք ու հարստացրեք՝ օրինականության սահմաններում․ - «Ես չեմ կարծում, թե մենք պետք է ընդհանրապես տնտեսությունը և տնտեսվարողներին անընդհատ պահենք լարված վիճակում: Մենք շատ հստակ էս մեկ ու կես տարվա ընթացքում ցույց ենք տվել, որ սեփականության անձեռնմխելիության իրավունքը պաշտպանում ենք հստակ»:
«Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանին մտահոգում էին հայոց լեզու, հայ գրականություն ու հայոց պատմություն առարկաները բուհերի ծրագրից հանելու վերաբերյալ քննարկումները: Կրթական գերատեսչության ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, որ այո, նման հարց կա: Մոտեցումը սա է՝ բուհերում թող կենտրոնանան մասնագիտական առարկաների վրա:
Հարույթունյանը շեշտում է, որ սա հայեցողական կլինի․ - «Բուհերը իրենք կարող են, և վստահ եմ, որ լինելու են շատ բուհեր, որ կներառեն ծրագրում այս առարկաները: Բայց դրանք պարտադիր բնույթ չեն կրելու»:
Նախարարը վստահ է, որ մտահոգվելու կարիք չկա, հայերենի համար դպրոցական գիտելիքները բավարար են: