Մատչելիության հղումներ

Սա նահանջ է թափանցիկ կառավարման սկզբունքից․ իրավապաշտպանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնիության մասին


Վարչապետի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկելու որոշման մտահոգիչ հանգամանքը գաղտնիությունն է, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նկատում է՝ խոսքը ոչ պետական, ոչ էլ ծառայողական գաղտնիքի մասին է և եթե անգամ այդպես էլ լիներ, իրավական ակտը պետք է հրապարակվեր, քանի որ դա օրենքի պահանջ է։

«Այստեղ ավելի շատ հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքից նահանջի մասին է, և սա անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման և հաշվետու կառավարման տեսակետից։ Ես կարծում եմ, որ պետք է հրապարակել, պետք է բացատրել և միաժամանակ ներողություն խնդրել անպայման», - նշեց Սաքունցը։

Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ տեղեկությունը հրապարակել է «Հետք» պարբերականը, որի հարցմանն ի պատասխան կառավարությունից որևէ մանրամասն չեն փոխանցել նույն հիմնավորմամբ՝ որոշումը գաղտնի է: Միայն առանձին նախարարություններից ստացած աշխատավարձային ֆոնդի մասին տեղեկությունից է լրագրողը կարողացել հետևություն անել, որ օրենքով սահմանված 793 հազար 680 դրամի փոխարեն նախարարները ստացել են 1,5 մլն դրամ աշխատավարձ: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով, որը վերջին անգամ փոփոխվել է 2013 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր ու Ազգային ժողովի ամբիոնից քննադատում էր նախկին իշխանությունների՝ ԱԺ բերած օրենքի նախագիծը։

«Քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը, ինչ է սա եթե ոչ ցինիզմ, աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին, սա ոչ այլ ինչ է քան ցինիզմ և սա ասում եմ հատուկ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական», - ասել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս քայլը քննադատում են նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է՝ այս թաքուն գործընթացով վիրավորել են ժողովրդին և խորհրդարանին:

«Դատապարտում եմ հենց էդ բառի համար, որ դա թաքուն։ Հեղափոխություն ժողովուրդն ինչի՞ համար է կատարել, պատրաստ է ժողովուրդը ամեն ինչի էլ, բայց տեղյակ լինի, գիտակցի, լսի։ Էս հեղափոխությունից հետո ասում են՝ թաքուն, թաքուն բառը վիրավորական է մեր բոլորի համար», - ասաց Ծառուկյանը։

Ընդդիմադիր խմբակցություններից թե՛ ԲՀԿ-ում, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ում շեշտում են՝ իրենք քննադատում են ոչ թե աշխատավարձերը բարձրացնելու որոշումը, այլ գաղտնիության ձևաչափը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասում է՝ կոռուպցիոն ռիսկերը կանխելու կարևոր գործոն է նաև արժանապատիվ աշխատավարձը և այդ հարցը լուծելու երկու տարբերակ կա՝ կա՛մ օրենսդրական նախագիծ ներկայացնել ԱԺ ու փոխել պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի գործակիցները, կա՛մ պարգևավճարների միջոցով խրախուսել նրանց: Ընդդիմադիր պատգամավորը երկու տարբերակին էլ կողմ է, բայց ոչ գաղտնի ձևաչափով:

«Չի կարող հանրային գումարը, ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսել, եթե խոսքը չի գնում պաշտպանական ծախսերի և Ազգային անվտանգության հետ կապված ծախսերի մասին։ Ավելին ասեմ, եթե հիշում եք, ժամանակին երբ որ Տիգրան Սարգսյանը ինքնաթիռով վոյաժներ էր արել և էդ օրենքը բերեցին և փակեցին, որ չերևա՝ ինչքան գումար է ծախսել, ինչ մեքենաներ են գնում իրենց համար, էդ նախագիծը մենք բերեցինք, որ ստեղ հետ փոխենք, հեղափոխությունից հետո իրենք մերժեցին։ Նայեք ոնց են մարդիկ ժամանակի ընթացքում շատ արագ դեֆորմացվում», - ասաց Մարուքյանը։

Միտումը նկատելի է նաև կառավարության որոշման նախագծերում։ Գործադիրի վերջին նիստին, օրինակ, 19 մլն դրամ հատկացվեց վարչապետի աշխատակազմին վարչական սարքավորումների համար և նախագիծը հույժ գաղտնիների շարքում էր: Գործադիրի չզեկուցվող հարցերի շարքում են եղել այնպիսի նախագծեր, ինչպիսիք էին շուրջ 49 մլն դրամի հատկացում վարչապետի հեղինակած կարգախոսով պաստառների տպագրման համար, կամ 85 մլն դրամ, այդ թվում՝ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ հսկող սարքեր տեղադրելու համար:

Իշխող «Իմ Քայլը» խմբակցությունից հորդորում են՝ կառավարության որոշումների մասին հարցնել հենց գործադիրին: Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասում է՝ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի վերանայման կարիքը իսկապես կա:

«Պետական հիմնարկների, մարմինների աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետև այսօր մասնավորը ավելի լավ պայմաններ է հաճախակի առաջարկում, և մասնագետները, որոնք պետությանը պետք են <…>, պետությունը չի դիմանում մրցակցությանը», - նշեց Սիմոնյանը։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում չհերքեց «Հետքի» հրապարակած տեղեկությունը, բայց հրաժարվեց լրացուցիչ մեկնաբանություններ ներկայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG