Այսօր գիշեր Ազատության պողոտայում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս մեկ ոստիկան է սպանվել, մյուսը՝ վիրավորվել:
Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն մանրամասներ են հաղորդում, ըստ որի՝ պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։
Հարձակում գործած երկու անձանց ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են, նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ծառայության վարչության պետի տեղակալ Արթուր Գևորգյանն «Ազատությանն» ասաց՝ սպանված Տիգրան Առաքելյանի վրա մեջքից են հարձակվել։
«Բոլորս ապրեցինք շոկ նման բանի համար, որովհետև, իհարկե, պարտականությունները մեր ծառայողները, մեր ոստիկանները իրականացնելուց են եղել և ճանապարհին, որ նկատել են էդ երկու երիտասարդների երևի ինչ-որ կասկածելի արտաքինը, թե կասկածելի ինչ-որ մի բան է եղել, որ որոշել են կանգնեն, ճշտեն՝ ով են, ինչ են, դիմել են փախուստի ու հետապնդել են ու էս ամեն ինչը, դեպքը տեղի է ունեցել», - ասաց Գևորգյանը։
Արթուր Գևորգյանից հետաքրքրվեցինք, գիշերային հերթապահություն իրականացնող ոստիկանները զրահաբաճկոններ չե՞ն կրում, կա՞ արդյոք դրա կարիքը, արդյո՞ք նրանց ամրակցված ատրճանակները լիցքավորված են լինում ու մարտական դիրքի բերված, ասաց՝ ծանր են զրահաբաճկոնները, դրանք միշտ չէ, որ հարմար է կրելը։
Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ ոստիկանները պարբերաբար վերապատրաստվում են, շաբաթական երեք օր մարզվում են, ֆիզիկական պատրաստվածության խնդիր չունեն, պարզապես հարձակումը մեջքից է եղել, իրավիճակն` անկառավարելի։
«Զրահաբաճկոններ չեն կրում, քանի որ իրանք օպերատիվ, արագ արձագնքման խմբեր են, այսինքն դեպքի վայր են գնում շատ արագ, նախատեսված նորմատիվներին համապատասխան, դա տևում է րոպեներ, իհարկե, ունեն ատրճանակներ իրանց մոտ, իրանց ամրակցված, լիցքավորված են լինում՝ 8 փամփուշտով, նաև ունեն երկրորդ փամփշտատուփն իրանց մոտ՝ էլի լիցքավորած, բայց ատրճանակները լիցքավորած չեն, դրված են ապահովիչի վրա, այսինքն մարտական դիրքի բերված չեն լինում։ Նախնական տվյալով եղել է հարցակումը անկանխատեսելի, էդ երկրորդ մեր ոստիկանի մեջքի կողմից է եղել հարձակումը, դրա համար անսպասելի ցանկացած պրոֆեսիոնալ ծառայողի վրա էլ նաև սպորտսմենի վրա էլ, երբ որ հանկարծակիի են բերում, չես կարա ասես՝ ինչ կարա լինի», - նշեց Գևորգյանը։
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շենքի բակում Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների անուններով հուշաքար կա, վաղն այնտեղ կավելանա 38-ամյա Տիգրան Առաքելյանի անունը։
«Հուշակոթողը, խաչը կառուցվել է և մեր զոհված ոստիկանները, նաև սահմանը պահելուց, որ զոհվել են և ծառայություն իրականացնելուց զոհվածների անուն, ազգանուններն են, նաև մեր Տիգրան Առաքելյանի անուն, ազգանունը կգրվի», - ասաց Արթուր Գևորգյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվում է գլխի շրջանում ատրճանակի հարվածից վնասվածք ստացած ոստիկանը: Նա հրաժարվեց խոսել «Ազատության» հետ, ժամեր առաջ է տեղեկացել, որ իր գործընկերը մահացել է: Բժիշկը փոխանցեց, որ Տիգրան Առաքելյանը վիրավորի հետ է բերվել հիվանդանոց, բայց՝ արդեն մահացած, ըստ նախնական տվյալների, փամփուշտը հենց սրտին է դիպել:
«Կենտրոն է բերվել արդեն իսկ մահացած ոստիկանության ծառայողը, որի մարմնական զննման ժամանակ հայտնաբերել ենք ձախ բազկի միջին երրորդականի շրջանում կարելի է ասել մաշկային դեֆեկտ, որը հավանական է՝ հրազենային գնդակի մուտքի անցքն է, և այլ վնասվածքներ մարմնի վրա չկան։ Հավանական է դա եղել է գնդակ, որը ներթափանցելով կրծքավանդակ վնասել է կենսական կարևոր օրգաններից մեկը, հավանական է [սիրտը]», - ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
Հիվանդանոցում հանդիպած ոստիկաններից մեկն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Առաքելյանի հետ տասը տարուց ավելի աշխատել է, իրենց վերջին զրույցի ընթացքում նա ասել էր, որ պլաններ ունի երկու անչափահաս երեխաների ուսման և այլ խնդիրների հետ կապված ու անհամբեր սպասում էր, որ մեկ տարի հետո արդեն անցնի վաստակած հանգստի:
Մահացած ոստիկանի հարազատներին ու գործընկերներին իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գրել, որ մեղավորները պետք է պատժվեն խստագույնս։