Մատչելիության հղումներ

Գիշերը Ազատության պողոտայում ոստիկան է սպանվել. քրեական գործով ձերբակալվել են երկու եղբայրներ


Քննիչներն աշխատում են դեպքի վայրում, լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Քննիչներն աշխատում են դեպքի վայրում, լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Գիշերը ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացնող կարգախմբերից մեկի ոստիկանները Հաղթանակի զբոսայգու մոտ երկու երիտասարդի են նկատել, որոնք պարեկային մեքենան տեսնելով՝ փախուստի են դիմել:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել: Բռնված անձինք դիմադրել են, այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել ոստիկանի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին: Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզվել է: Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով»։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն է հաղորդագրություն տարածել, որում մասնավորապես ասվում է, որ կասկածյալները եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին, նրանք ձերբակալվել են:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: - «Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվում է գլխի շրջանում ատրճանակի հարվածից վնասվածք ստացած ոստիկանը: Նա հրաժարվեց խոսել «Ազատության» հետ, ժամեր առաջ է տեղեկացել, որ իր գործընկերը մահացել է:

Բժիշկը փոխանցեց, որ Տիգրան Առաքելյանը վիրավորի հետ է բերվել հիվանդանոց, բայց՝ արդեն մահացած, ըստ նախնական տվյալների՝ փամփուշտը հենց սրտին է դիպել:

Ոստիկաններից մեկն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Առաքելյանի հետ տասը տարուց ավելի աշխատել է, իրենց վերջին զրույցի ընթացքում նա ասել էր, որ պլաններ ունի երկու անչափահաս երեխաների ուսման և այլ խնդիրների հետ կապված, ու անհամբեր սպասում էր, որ մեկ տարի հետո արդեն անցնի վաստակած հանգստի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG