Մատչելիության հղումներ

«Միայնակ մի թողեք Սիրիայի քրդերին». Հայաստանում ապրող քրդերը դիմել են Միացյալ Նահանգների դեսպանատուն


«Թուրքիա ահաբեկիչ» կոչով այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում ապրող քրդերը։

Քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքով՝ Միացյալ նահանգների նման գերտերությունը չպետք է փոքր ժողովրդին թողնի բախտի քմահաճույքին։ Սիրիայի հյուսիս՝ քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող տարածքներ թուրքական ներխուժումից առաջ Սպիտակ տունը հայտարարել էր ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին։

«Սիրիայի քրդերի ոգևորում էին, հովանավորում էին Ամերիկայի Միացյալ Նահանգները, ասում էին, որ պայքարեք, նույն զենքով էլ են օգնել, ինչպես իրենց նախագահի ասելով՝ գումար են տվել և այլն, էսօր նրանց թողեցին մենակ, իրենց զորքերին հետ քաշեցին, քրդերը թուրքական այդ «հզոր» բանակի դեմ, որովհետև դրանք հզոր են միայն հոշոտելով, մարդասպանությամբ, գրավելով, ջարդելով, փշրելով», - ասաց Հասանովը։

Հայաստանում ապրող քրդերը նամակ են փոխանցել Միացյալ Նահանգների դեսպանությանը՝ հորդորով՝ աջակցել, միայնակ չթողնել Սիրիայի քրդերին։ Քրդական պաշտոնաթերթի խմբագիրը նկատում է՝ թուրքերն այսօր կրկնում են այն, ինչ 100 տարի առաջ հայերի հետ են արել։ «Որտե՞ղ է խաղաղասեր միջազգային հանրությունը», - հարցնում է Լիանա Մհոյանը։

«Օրեցօր բազմաթիվ երեխաներ են զոհվում, մեծերը ինչ-որ չափի հասկանալի է, պետք չի իրենց քաղաքականության համար կյանքեր խլեն։ Բազմաթիվ կյանքեր են խլվում, ինչը մեր կողմից անընդունելի է, քաղաքակիրթ աշխարհում, 21-րդ դարում կոտորվում են երեխաներ, նույն թուրքական իշխանությունները 100 տարի առաջ, որ իրենք կատարել են ցեղասպանություն հայերի հետ, ներկա պահին նույնը անում են քրդերի հետ, թուրքը երբեք չի փոխվում», - նշեց Լիանա Մհոյանը։

Հայաստանում ապրում են 3 հազար քրդեր։ Քուրդիստանի Համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենյա Ամիրյանը դառնացած է, ասում է՝ բողոքի իրենց հավաքին պետք է շատերը միանային՝ անկախ ազգային պատկանելությունից։

«Ես էսօր համոզված եմ, որ յուրաքանչյուրը էն, որ ասում են եղունգ ունես, գլուխդ քորի, դա պետք է լինի։ Ամեն մարդ պետք է կարողանա իր ազգին սատար կանգնի, որովհետև Հայաստանն էլ էսօր մի լավ վիճակի մեջ չի, մենք շրջապատված ենք թուրքերով, բարբարոսներով, և ես գտնում եմ, որ մենք պետք է իրար հետ կարողանանք իրար սատար կանգնել, և մեր պահանջը դա է, որպեսզի այսօր արևելքում կարողանանք մեր ժողովրդին պաշտպանենք և ազգային փոքրամասնություններին այդտեղ պաշտպանենք։ Ամբողջ գիշեր, հավատացեք, որպես մայր, որպես կին, ես չեմ կարողանում քնեմ, և ես գտնում եմ, որ սա պետք է դատապարտվի մինչև վերջ, չպետք է էս ակցիայով բավարարվել», - ասաց Ժենյա Ամիրյանը։

Բողոքի ակցիային մասնակցում էին տարբեր մարզերից եկած քրդեր և նաև բազմաթիվ երեխաներ՝ վիրավոր քուրդ երեխաների նկարներով։

XS
SM
MD
LG