Մատչելիության հղումներ

Օշական գյուղում մեծ հանդիսությամբ նշվեց Թարգմանչաց տոնը


Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Օշական գյուղում մեծ հանդիսությամբ նշվեց Թարգմանչաց տոնը, որի ընթացքում տարվա լավագույն թարգմանությունների համար Գրողների միության նախագահության որոշմամբ «Կանթեղ» թարգմանական մրցանակին արժանացան Նինա Գաբրիելյանը՝ Ռուսաստանից, Կալինա Իզաբելլա Զյոլլան՝ Լեհաստանից, Մաղվալա Գոնաշվիլին՝ Վրաստանից, Օլեկսանդր Բոժկոն՝ Ուկրաինայից, Հայաստանից էլ՝ Գրիգոր Ջանիկյանը, Ջուլիետա Ղազարյանը և Թադևոս Խաչատրյանը:

«Մեծ պարտք ունեմ մեր ժողովրդի առաջ, ես 30 գիրք եմ թարգմանել, հրատարակել, բայց բավական է, որ մենք խոսեցնենք աշխարհի բոլոր հանճարներին մեր հայերենով, ժամանակն է, որ մեր գրականությունը աշխարհին ներկայացնենք, դա մեր մեծագույն պարտքն է, աշխարհը չի իմանում, որ այդպիսի հանճարներ է ծնել այս երկիրը, այս փոքր ժողովուրդը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գրիգոր Ջանիկյանը։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին տարբեր հրատարակչություններ ձեռնամուխ եղան հայ ընթերցողին բավական ուշագրավ թարգմանչական գրականություն մատուցելով: Եվ դրանում կարելի է համոզվել՝ շրջելով Գրողների միությանը հարակից Գրական պուրակում, որտեղ բացվել է թարգմանական գրականության ցուցահանդես:

«Արմավ» գրահրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանի խոսքով, Թարգմանչաց տոնը լավ առիթ է հանրագումարի բերելու տարվա ընթացքում կատարած աշխատանքը:

«Ընդհանրապես վերջին տարիներին շատ լավ է, որ թարգմանական գրքերը ավելացել են, և տեսնում ենք, որ հատուկ ուշադրություն կա, դա նաև վաճառքի առումով շատ ձեռնտու է շատ հրատարակիչների։ Ճիշտ է, որոշակիորեն թանկ է գալիս, որովհետև թարգմանչի համար վճար, հեղինակային իրավունքի վճար և այլն, և այլն, բայց ընդհանուր առմամբ լավ է, որ հաղորդակցվում ենք համաշխարհային գրականության հետ։ Դարեր ի վեր մենք միշտ աշխարհի գրականությունից 50, 100, նույնիսկ եղել են տարիներ, երբ 200 տարի հետ ենք եղել, երբ աշխարհը կլասիցիզմը արդեն մարսել էր, անցել էր, և 200 տարի անց հայ կլասիցիզմ էր էլի սկսում զարգանալ, և այլն։ Սա, բնականաբար, գալիս էր աշխարհի հետ հաղորդակցվելու էդ իրավիճակից», - նշեց Ավանեսյանը։

Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը նաև Գրողների միության հրատարակչության տնօրենն է, միության թարգմանական բաժանմունքի ղեկավարը: «Ազատության» հետ զրույցի ընթացքում թարգմանական ոլորտում առանձնացրեց հետևյալ հիմնախնդիրները. «Կարևորագույն հիմնախնդիրը միշտ մնում է լավ թարգմանությունը, լավ թարգմանել, ժամանակին թարգմանել և լավ գրականությունը բերել Հայաստան, դարձնել հայկական մշակույթի փաստ»։

«Զանգակ» հրատարակչությունը ներկայացնող Հակոբ Տեր-Ստեփանյանն էլ շեշտեց. «Թարգմանական ոլորտում հենց երևի թե կլինի լավ մասնագետների պակասն այս պահին, իհարկե, կան մի քանի անուններ, որ, ասենք, հայտնի են բոլորին, բոլորը քաջ տեղյակ են իրանց բոլոր գործերի մասին և այլն, բայց քիչ են»։

«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի համոզմամբ էլ՝ թարգմանական ոլորտում այսօր խնդիրներն ավելի քիչ են՝ համեմատած նախկինի հետ։

«Թարգմանում ենք տարբեր լեզուներից, ի դեպ, ձևավորվում է շատ լավ դպրոց թարգմանական, ամեն ինչ նորմալ է, այստեղ միակ խնդիրը, երևի թե կարելի է ուղղակի խնդիր համարել պետական միջամտության իսպառ բացակայությունը, մի բան, որ ճիշտ չի, ինձ թվում է, որովհետև, այնուամենայնիվ, սա այն գործն է, մանավանդ մենք էլ հին տրադիցիաներով, Թարգմանչաց տոն ունեցող ժողովուրդը, որ 5-րդ դարից էդ տրադիցիաները վերցրել, բերել հասցրել է մինչև այսօր, և չունենալ պետական հովանավորություն... Ընդամենը մի քանի տարի առաջ գոյություն ուներ պետական պատվեր հասկացություն, որն իսպառ բնաջնջվեց, ճիշտն ասած չգիտեմ, թե ինչ պատրվակներով, մեկը մեջը կոռուպցիա գտավ, մեկը չգիտեմ ինչ, հիմա չկա էդ ամեն ինչը։ Ինչ վերաբերում է մեր թարգմանական դպրոցին, շատ լավ էսօր Ներսես Աթաբեկյանի նման թարգմանիչ ունենք, Աշոտ Ալեքսանյանի նման թարգմանիչ ունենք, Թերեզա Ստեփանյանի նման, ֆրանսերենից հրաշալի թարգմանություններ ունենք, և այլն, և այլն, մենք շատ լավ դպրոց ունենք, այո», - ասաց Վահագն Սարգսյանը։

XS
SM
MD
LG