Մատչելիության հղումներ

Թարգմանչաց տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 10-15-ը


5-րդ դարից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը, որը մեր օրերում, իհարկե, միայն եկեղեցական տոնակատարություն չէ:

Ամեն տարի Օշականում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում պատարագի ավարտից հետո Գրողների միությունը «Կանթեղ» թարգմանչական մրցանակներն է հանձնում տարվա լավագույն թարգմանիչներին:

«Թարգմանչաց տոնը, բնականաբար, յուրաքանչյուր հայ մտավորական, հայ մարդ գիտի, որ դարերի պատմություն ունի: 5-րդ դարում հենց գրերը ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը, անմիջապես սկսեցին թարգմանություն Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը: Կորյունը և իրենց աշակերտները փաստորեն Աստվածաշունչը թարգմանեցին: Եվ պատահական չի առաջին հենց նախադասությունը՝ Ճանաչել զիմաստություն և իմանալ զբանս հանճարոյ: Եվ հենց այդ հիմքը դրվեց՝ Թարգմանչաց տոնը, մեր երանելիներին հիշելը», - ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Եվ ահա այս տարի Գրողների միության նախաձեռնությամբ մեկնարկում է «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 10-15-ը: Այս տարի Թարգմանչաց տոնին հրավիրվել են մասնակցելու գրողներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Լեհաստանից, Գերմանիայից և Կանադայից:

Այսօր հրավիրած ասուլիսին Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում էր, որ բավական լուրջ ձեռքբերումներ են գրանցվել թարգմանչական ոլորտում ոչ միայն արտասահմանյան գրականությունը բնագրից թարգմանաբար հայ ընթերցողին ներկայացնելով, այլև օտար լեզուներով ներկայացնելով հայ դասական և ժամանակակից արձակն ու պոեզիան․ - «Վերջին 15 տարում մեր թարգմանական գրականությունը, նկատի ունեմ և՛ ժամանակակից, և՛ դասական գրականության տպագրումը այլ երկրներում և Հայաստանում կարող եմ ասել բարձր ալիքի վրա է: Փաստորեն 2000 թվականից հետո մենք տեսանք, որ այդ բացը արդեն անտանելի է, և մեր գրականությունը մենք ինքներս պիտի կարողանանք ճանաչելի դարձնել՝ տպագրելով, տարածելով, կապեր հաստատելով»:

Ուսումնասիրելով հատկապես վերջին հինգ տարիներին օտար լեզուներով ներկայացված հայերեն հեղինակներին, Միլիտոնյանի փոխանցմամբ, պարզվել է, որ «ավելի մեծ ցանկ գոյացավ, քանի Սովետական Միության տարիների երկար հնգամյակները եթե գումարեինք իրար»:

Թարգմանչաց տոնը այսուհետ նաև միջազգային գրական փառատոնի վերածելը հենց միտված է հայ գրականության թարգմանության, տարածման ու միջազգայնորեն առավել ճանաչելի դարձնելու նպատակին:

«Ամենաուրախալին, որ կարող եմ ասել, որ վերջին քսան տարում Հայաստանի բուհերում արդեն մեր պայքարի արդյունքում ստեղծվեցին բաժիններ թարգմանական, ստեղծվեցին թարգմանիչների խմբեր: Եվ հիմա մենք տեսնում ենք լավագույն արդյունքը, որ հենց Հայաստանում կան թարգմանիչներ, որոնք տեղում թարգմանում են, հրատարակում են մեր գրականությունը: Սա հրաշալի գործ է, որովհետև եկեք խոստովանենք, որ արտասահմանում հայ գրականություն թարգմանող հազվադեպ մարդիկ են եղել: Նախաձեռնողը պիտի Հայաստանը լինի», - ասաց Միլիտոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG