15 տարի Մարալիկը ղեկավարած հանրապետական համայնքապետը չի ընդունում պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի վատնման և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով առաջադրված մեղադրանքները:
Դատախազը իր միջնորդությունը հիմնավորել է հենց այս հոդվածներով առաջադրված մեղադրանքներով և հետագայում չարաշահումներ թույլ չտալու համար է միջնորդել համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնել:
Պարզվում է, սակայն, Շիրակի մարզպետը ՏԻՄ օրենքով իրավասու չէ ժամանակավորապես դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Տիգրան Պետրոսյանն ասաց, որ իրենք դիմել են Տարածքային կառավարման նախարարություն՝ հստակեցնելու, թե ինչ ընթացակարգով է հնարավոր լիազորությունների ժամանակավոր դադարեցումը․ - «Ես չեմ այն դերակատարը, որը համայնքապետի լիազորությունները դադարեցնում է: Այդ ամբողջ փաթեթը, որը ստացել ենք դատախազությունից, համայնքապետի փաստաբանից, և երեկ նաև անձամբ համայնքապետից ենք ստացել, այս փաթեթը ներկայացնում ենք Տարածքային կառավարման նախարարին և իրենց ակնկալում են իրավական դիտարկում այս ամենի ինչի վերաբերյալ: Եվ եթե կունենանք հստակ ընթացակարգ այդ գործընթացից դուրս գալու, մենք այդ ընթացակարգով էլ կշարժվենք»:
Արտակ Գևորգյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հավելում է, թե չկա համայնքի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու որևէ մեխանիզմ: Նույնիսկ ինքը՝ Արտակ Գևորգյանն իրավասու չէ իր լիազորությունները ժամանակավոր դադարեցնել, թեպետ դատախազը վերջինիս էլ է գրություն ուղարկել:
«Ինքը իրավունք չունի դադարեցնելու: Ինքը պարտավոր է կատարել իր պարտականությունները, իրականացնել լիազորությունները: Եվ կապ չունի, թե դատախազը ինչ որոշում է կայացրել: Եե ինքը չկատարեց, այդ ժամանակ ինքը խնդիր կունենա», - ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատախազի միջնորդությունը բողոքարկել են Գլխավոր դատախազին:
Արտակ Գևորգյանին առաջադրված առաջին մեղադրանքից 10 օր անց դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրում նրան: Գևորգյանի շահերի պաշտպանն ասում է, որ մեղադրանքն անհիմն է և բողոքարկման փուլում են․ - «Մեղադրանք առաջադրված չկա: Այդ առումով էլ ենք մենք բողոքարկել դատախազին, որպեսզի ինքը այդ հաղորդագրությունը, եթե բովանդակությունը համապատասխանում է քրեական գործ հարուցելու որոշմանը, տրամադրեք: Որովհետև եթե քրեական գործը այդ բովանդակությամբ է հարուցվել, ինքը ապօրինի է, ինքը անմեղության կանխավարկածի խախտում է»:
Այս գործընթացի մեջ փաստաբանը քաղաքական ենթատեքստ է տեսնում․ - «Ուղղակի իմ խնդրանքն է, որպեսզի այս քրեական գործը հեռու պահենք քաղաքական շահերից, քաղաքական գործընթացներից: Որովհետև այս ամենի արդյունքում ինչ որոշում էլ կայացվի ի վնաս Արտակ Գևորգյանի, ինքը կասկածի տակ է լինում»:
Երեկ Անի խոշորացված համայնքի ավագանու անունից հայտարարություն է տարածվել, որտեղ ևս ընդգծվում, է որ Արտակ Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ավագանին արտահերթ նիստ է գումարել, սակայն ավագանու այսպես ասած ընդդիմադիր անդամները կա՛մ տեղյակ չեն եղել, կա՛մ էլ պատշաճ չեն ծանուցվել: Բուն հայտարարության օրինական լինելն էլ կասկածի տակ են դնում, քանի որ պարզ չէ, թե ովքեր են ստորագրել:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը չի ընդունում, որ գործընթացը քաղաքական է․ - «Այսօր այս գործընթացը քաղաքականացնելու բոլոր փորձերը պարզապես զավեշտի տիրույթում են, և սա արդեն չֆիքսել հնարավոր չէ: [Որովհետև] Առնվազն բոլոր դրվագներով մաքուր քրեական գործընթացի տիրույթում գնացող պրոցես է: Եվ եթե քաղաքական կոմպոնենտ են փորձում ընտրել, ինչի՞ հետ կապված: Այսինքն համայնքապետը ինչ-ինչ քաղաքական գործունեությո՞ւն է հիմա ծավալում․․․ Հստակ իրավական հիմքեր կան, հստակ մտահոգություններ կան, և հստակ բոլոր մտահոգություններով դերակատարները պետք է պատասխան տան: Սա միանշանակ է»: