Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ այժմ Անի կոչվող խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով։
Նշենք, որ Գևորգյանն արդեն 15 տարի է ղեկավարում է Մարալիկը, և 2018-ին տեղի ունեցած խոշորացումից հետո՝ ևս 16 համայնք:
«Վաղուց մենք արդեն ապացուցել ենք, որ մեր համայնքում գործում է հանցագործ ռեժիմ, մենք տեսել ենք մեր աչքերով, չենք սպասում, որ մեզ ինչ-որ մեկը պետք է ապացուցի, հակառակը՝ մենք ենք ապացուցել էս պետությանը, էս ղեկավարությանը, ժողովրդին, որ ղեկավարում է հանցագործը, իսկ մենք այս քայլով թույլ չենք տալու, որ հանցագործն այլևս շարունակի մեզ ղեկավարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ Գևորգյանի հրաժարականի պահանջով 4 հազար 500 ստորագրություն են հավաքել։
Հարցին, թե այդ թիվը բավարա՞ր է հրաժարականի համար, ցուցարարը պատասխանեց. - «Մեր ոչ լեգիտիմ համայնքապետ կոչվածը սկզբից դուրս էր եկել և անպատասխանատու հայտարարություններ էր անում, որ «ես ունեմ 4 հազար ձայն, իսկ դուք հավաքվել եք 20-25 հոգով», մենք այսօր այս ստորագրություններով ավելի շատ ապացուցում ենք թե՛ կառավարությանը, թե՛ տվյալ անձին, որ մենք 20-25 հոգի չենք, մենք 4 հազար 500 հոգի ենք, մի 4 հազար 500-ն էլ ուղղակի որոշակի պատճառաբանություններ բերելով չեն ստորագրել, բայց իրեն դեմ են եղել»։
Նշենք, որ ակցիաներից մեկի ժամանակ Գևորգյանը հայտարարել էր, որ իր օրակարգում հրաժարականի թեմա չկա, և կտրուկ հերքել էր իրեն հասցեագրված մեղադրանքները: