Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Սակայն նա չմանրամասնեց, թե հանդիպումը ում նախաձեռնությամբ է կայացել ու ինչ հարցերի շուրջ են զրուցել Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի նախկին նախագահի կինը։
Վլադիմիր Պուտինը երեկ Երևանում մասնակցում էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է, Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: