Գործը վերահսկող դատախազ Արտյոմ Օվսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատական նիստին Կարինե Ավդալյանի շահերի պաշտպանը միջնորդել է կալանքը գրավով փոխարինել, դատավորը մերժել է: Ավդալյանին փաստաբան Միհրան Մինասյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:
Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Կարինե Ավդալյանին ներկայացված վերջին մեղադրանքի մասին․ - «Քրեական գործով տեղեկություններ ձեռք բերվեց, որ Կարինե Ավդալյանը խարդախությամբ հափշտակում է գումարներ տարբեր անձանցից: Քննությունը խորամուխ եղավ և տվյալներ ձեռք բերեց, ապացույցների տեսքով, որ հարյուր անձ, էս պահին կարող եմ ասել, մարդկանց նկարագրվում է ինչ-որ ծրագիր Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու համար, որի արժեքը կազմում է 4 հազար 800 դոլար, հիմնական ֆինանսավորումը կտրվեի գրանտի հատկացված միջոցներից, իսկ քաղաքացիները պետք է․․․ 1300 դոլարին համարժեք դրամ պետք է փոխանցեն «Վերածնունդ միջազգային փառատոն» հասարակական կազմակերպության հաշվեհամարին: Որոշումներ են կայացվել հինգ անձի տուժող ճանաչելու, մնացած 9-ի վերաբերյալ արդեն քրեական գործեր ունենք: Որոշները նրանցից արդեն իսկ համապատասխան հայտարարություններ են ներկայացրել իրավապահ մարմիններին, ինչպես նաև դիմումներ են ներկայացրել մարզի դատախազությանը, որ նրանք այդ գումարները փոխանցել են, Կարինե Ավդալյանը խաբել է և նրանց չի տեղափոխել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մենք ունենք հինգ առերևույթ հանցագործության մասին տեղեկություններ՝ արդեն ապացույցների տեսքով, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից Կարինե Ավդալյանին ներկայացվող մեղադրանքը փոփոխվեց, ավելացվեց նաև առանձնապես խոշոր չափերի հափշտակություն՝ խարդախության եղանակով»:
Ավդալյանը «Վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահն է: Ոստիկանությունը երեկ տարածած տեսանյութում դիմելով այս գործով տուժողներին՝ հորդորել է դիմել իրավապահներին:
«Արդեն ունենք ահազանգեր», - փոխանցեց Օվսյանը:
«Վերածնունդ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է Գյումրիում: 5 տարի առաջ փառատոնի համանախագահ Լևոն Սարգսյանը, որը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է, Գյումրիի քաղաքապետարանից հերթական մրցույթ-փառատոնն անցկացնելու համար 5 մլն դրամի հատկացում էր խնդրել: Ավագանին իր աղքատիկ բյուջեից այդ գումարը հատկացրեց:
Ավդալյանին առաջադրված մյուս 4 մեղադրանքները ևս ծանր հոդվածներ են․ - «Կարինե Ավդալյանը Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ էր ներգրավված դեռևս հուլիս ամսից: Առաջին հոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն: Երկրորդը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի հափշտակություն կատարելուն՝ յուրացման եղանակով: 325-ի առաջին մասերը վերաբերելու են փաստաթուղթ կեղծելուն»:
Կարինե Ավդալյանին առաջադրված մեղադրանքները հաստատվելու դեպքում մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում: