Մատչելիության հղումներ

Փոխնախարարը ներկայացրեց Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատարին


Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղն այսօրվանից տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի:

Քրեական գործով անցնող նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց:

Ըստ իրավապահների, Ավդալյանը կոնսերվատորիային հատկացված միջոցներից 2012-2017 թվականների ընթացքում շուրջ 121 մլն դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, և գումարը յուրացվել է: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նույն հասարակական կազմակերպությունը կեղծ հաշիվ-ապրանքագրերի միջոցով յուրացրել է ևս 3 միլիոն ՌԴ ռուբլի:

Կոնսերվատորիայի նախկին ու ներկա ուսանողները, նախկին դասախոսները մեկ անգամ չէ, որ պնդումներ են արել Ավդալյանի անօրինական գործողությունների, բուհում առկա վախի մթնոլորտի մասին:

Այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հասմիկ Հարությունյանը, ով ժամանակին աշխատել է բուհում ու աշխատանքից հեռացվել նախկին տնօրենի կողմից:

Ի դեպ, Հարությունյանը ևս բարձրաձայնում էր Կարինե Ավդալյանի անօրինականությունների մասին և խորհուրդ էր տալիս նրան հեռանալ բուհից:

Կրթության ու գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նոր տնօրենին ներկայացնելիս շեշտեց, որ բուհում պետք է վերականգնել տարիներով խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտը․ - «Ուսանողները չեն կարող ստանալ նորմալ կրթություն և գիտելիքներ, եթե չկա նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ կոլեկտիվի մեջ: Եթե բարոյահոգեբանական մթնոլորտը որևէ հաստատությունում կաղում է, ապա, հավատացեք, այդտեղ հնարավոր չէ ապահովել նորմալ կրթական միջավայր»:

Հովհաննիսյանն ասաց, որ նույնիսկ Գյումրիի մասնաճյուղը փակելու հարց է դրված եղել․ - «Խնդիրը բավականին աճեց, աճեց, և նույնիսկ քննարկվում էր այս մասնաճյուղի լուծարման կամ փոփոխության հարցը: Որովհետև գլխավոր խնդիրը որ կա, դա որակի խնդիրն է, թե ինչպիսի որակ է ապահովում Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Ես երաժշտագետ չեմ, բայց տարբեր մասնագետներից լսեմ եմ անընդհատ կարծիքներ, որ որակի հետ կապված կան խնդիրներ»:

Ներկաները ծափերով ընդունեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

«Փայլուն կորիզ կա և մեծ պոտենցիալ կա: Եվ այսօր մեծագույն տխրությամբ դուք էլ իմացաք, որ ստացվում է այնպես, որ լուծարման շեմին է: Մենք չենք թույլ տալու, աշխատելու ենք տքնաջան, օր ու գիշեր, և ամենակարևորը՝ սա մեր գալիք սերնդի համար է, պրոֆեսիոնալ երաժշտությունը մենք իրավունք չունենք տանուլ տալու», - ասաց Հասմիկ Հարությունյանը:

Սակայն ամեն ինչ հարթ չընթացավ: Բուհում գործող «Իմպոռիթմ» վարժարանի տնօրեն Աշոտ Պետրոսյանը, ով համարվում է Կարինե Ավդալյանի մտերիմներից, նոր նշանակումը «շոու» որակեց և աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց․ - «Ես դեռևս երեկ, քաջ գիտենալով, որ այսպիսի շոու պետք է տեղի ունենա և սրանով պետք է ավարտվի, դիմում եմ գրել և երեկ արդեն գրանցել եմ իմ դիմումը ազատվելու վերաբերյալ»:

Աշոտ Պետրոսյանը նաև հակադարձեց նախարարի տեղակալի պնդմանը, թե նոր Հայաստանում քաղաքական ու կուսակցական պատկանելությունը որևէ պաշտոնում նշանակելիս այլևս չի դիտարկվում առաջնահերթություն, այլ մասնագետ լինելն է կարևոր․ - «Այս 7-8 ամիսները ցույց տվեցին, որ էդ ամեն ինչը ընդամենը հեքիաթներ են, և շարունակվում է շատ ավելի վատ: Ուղղակի առաջ դա անում էին հանրապետականները, հիմա դա արվում է նոր իշխանությունների կողմից»:

Աշոտ Պետրոսյանը լքեց դահլիճը, ինչից հետո դրսում մի խումբ ուսանողներ ճայթուկներ պայթեցրին, հայտարարեցին, թե դասադուլ են սկսում:

Նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին զարմացրեց նրանց պահվածքը․ - «Նախորդ ղեկավարությունը դեռևս չի հրաժարվում հին մեթոդներից, փորձում են էլի հին ձևերով, այսինքն խուժանին ներգրավելով և այլն․․․ Դա էլ չի անցնելու»:

Հարցին, թե ինչու նախարարությունը ավելի շուտ քայլեր չէր ձեռնարկում, եթե հայտնի էր, թե ինչ է կատարվում Կոնսերվատորիայում, փոխնախարարը պատասխանեց․ - «Մենք ամբողջությամբ գնացինք իրավական ճանապարհով և մնալու ենք օրենքի շրջանակներում: Ըստ օրենքի, ավարտվեց պաշտոնավարման ժամկետը, և նոր տնօրենի պաշտոնակատար նշանակվեց: Ամբողջությամբ իրավական դաշտի մեջ ենք գործել»:

Մայր բուհի՝ Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը մասնաճյուղում ստեղծված իրավիճակը շտկելու հարցում մի անելիք է տեսնում․ - «Ես կարծում եմ, որ երբ որ մարդիկ իրենց գործով զբաղվեն, և դա դառնա իրենց առաջին անելիքը, ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG