Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը բանակի ղեկավարության վարկանիշին ուղղված հարված է համարում Քննչական կոմիտեի հաղորդագրությունը


Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանի զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին ուղղված «հերթական հարված» է որակել իրեն որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցների առկայության մասին Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

«Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր և ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին», - «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Սարգսյանը՝ վստահեցնելով, որ զինծառայողներին բնակարանների բաշխման գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան:

«Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով: Ամբողջ ընթացքը և վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը` իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը», - գրել է Սարգսյանը:

Խնդրահարույց շենքը Աջափնյակում՝ Հասրաթյան 25/6 հասցեում է, նախորդ տարվա հունվարին այստեղ բնակարանամուտ են տոնել 71 ընտանիքներ։ Ըստ Քննչական կոմիտեի ՝ 29 բնակարանների դեպքում որոշում է կայացրել պաշտպանության նախարարը, այնինչ զինծառայողներին բնակարանային բարելավման հարցը պետք է քննարկեր Պաշտպանական գերատեսչության կենտրոնական բնակարանային հանձնաժողովը՝ ըստ կառավարության սահմանած կարգի։

Փաստաբան Նորայր Նորիկյանը քրեական այս գործում ներկայացնում է բնակարանային այդ ցուցակից դուրս մնացած 8 զինվորականների շահերը։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ 5 օր էլ Երևանում չապրած մարդիկ տուն են ստացել, իսկ հերթացուցակում առաջնային տեղեր զբաղեցնող զինվորականներ դուրս են մնացել․ - «Պարզվել է, որ նշված անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է իրենց բնակարանները ստանային անցած տարի՝ հունվար ամսին, քանի որ հերթագրման ցուցակներում զբաղեցնում էին այնպիսի տեղեր՝ 2-րդ, 4-րդ, 8-րդ, որ ցանկացած պարագայում նրանք պետք է ստանային բնակարաններ: Եվ պետությունը, ի դեմս պաշտպանության նախարարության, պարտավոր էր ապահովել այդ անձանց բնակարաններով»:

Փաստաբան Նորիկյանը կարծում է, որ այս քրեական գործի շրջանակներում կներգրավվեն նաև այլ անձինք: Իսկ Վիգեն Սարգսյանն այժմ Միացյալ Նահանգներում է, ինչպես գրել է՝ ուսումնառության նպատակով։ Նա շեշտել է, որ իր գտնվելու վայրը հայտնի է, գործում են էլեկտրոնային փոստն ու բջջային հեռախոսահամարը, որոնք, կարծում է՝ հայտնի են նաև իրավապահներին:

Սարգսյանը փաստաբանին է լիազորել կապ հաստատել քննչական մարմինների հետ։

Գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը:

XS
SM
MD
LG