Մատչելիության հղումներ

«Մեզ չենք դրսևորել էն իշխանությունը, որ մարդուն ինքնասպանության օրի հասցնի». Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի մահը որևէ կերպ կարող է կապ ունենալ իշխանական ճնշումների հետ:

Նշենք, որ նախկին ոստիկանապետի մահվան լուրը պաշտոնապես հաստատվելուց ժամեր անց մամուլում հրապարակումներ ի հայտ եկան այն մասին, թե մահվանից առաջ Հայկ Հարությունյանը միայնակ չի եղել և դժգոհել է, թե Մարտի 1-ի գործով ստիպում են սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալ։

«Ես կարծում եմ, որ շուտ է հիմա որևիցե եզրակացություն անել, որովհետև նախաքննություն է գնում և կա անձ, որին հրավիրել են և որը պետք է բացատրություն տա, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը գնում։ Շատ ցավալի դեպք է, իհարկե, բայց այնուամենայնիվ իշխանության ճնշում, մենք էսքան ժամանակ չենք դրսևորել մեզ էն իշխանությունը, որը կարա մարդ սպանի կամ մարդ ծեծի կամ մարդուն այն օրի հասցնի, որ ինքը ինքնասպանություն անի։ Տարբեր վարկածներ են պտտվում, հակառակ վարկածի հետ էլ եմ ես այսօր ծանոթացել, որ նույնիսկ սպանել են, որ չգնա ցուցմունք չտա Մարտի 1-ի համար ու չի կարելի հիմա գնալ էդ ճանապարհով, պետք է սպասել, տեսնենք, թե ինչ կլինի, որովհետև խոսք է գնում մարդու կյանքի մասին։ Պետք է շատ զգույշ լինենք և սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի ու որևիցե մեկի մոտ թող կասկած չլինի, որ իրողությունը ինչպիսին այն եղել է բոլորը կիմանան դրա մասին», - նշեց Ալեն Սիմոնյանը։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, քննչական մարմինները պետք է տան հարցի պատասխանը՝ ի՞նչ է տեղի ունեցել իրականում, այն ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն: Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե տեղի ունեցածը կապ ունի Մարտի 1-ի գործի հետ, Մակունցն ասաց, որ այդ տեղեկությունների իսկությունը ճշտելու հարցով իրավապահ մարմինները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն։

«Ես նույնպես առավոտյան ծանոթացա Hayeli.am կայքում տեղադրված նյութի մանրամասներին և կարծում եմ, որ ոստիկանությունը նաև պետք է հրավիրի տվյալ անձանց, ովքեր հրապարակել են այդ տեղեկատվությունը և պարզի, թե որտեղից նրանց այդ տեղեկատվությունը և դրա հավաստի լինելու մասին հանգամանքները հրապարակվեն։ Բնականաբար, կարծում եմ՝ դեռ պետք է իրականացվի քննություն և քննության ընթացքը ցույց կտա դա ինքնասպանություն է եղել, թե ինքնասպանություն չի եղել։ Որևէ մեկս չենք կարող որևէ բան պնդել կամ նույնիսկ ենթադրել։ Երբ ես նյութին ծանոթացա, ինձ համար անհասկանալի էր, ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ մենք պնդում ենք կամ ինչ-որ մեկը պնդում է, որ տեղի է ունեցել ինքնասպանություն և այդ ինքնասպանությունը տեղի է ունեցել ինչ-որ անձի ներկայությամբ, և ինքնասպանությունը տեղի է ունենում և չի կանխվում, ինձ համար շատ անհասկանալի ինչ-որ դրվագներ կային։ Այնուամենայնիվ, պետք է այս հարցը իհարկե ճշտվի և իրավապահ մարմինները անմիջապես պետք է վերահսկողության տակ վերցնեն ամբողջ պրոցեսը», - նշեց Մակունցը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ ընդգծում է, թեև այս պահին քննարկվում է ինքնասպանության վարկածը, սակայն չպետք է որևէ այլ տարբերակ բացառել:

«Տեղի է ունեցել կա՛մ ինքնասպանություն, կա՛մ սպանություն, իհարկե նախաքննությունը կպարզի», - նշեց Կարապետյանը։

«Ազատության» հարցին, թե կարո՞ղ է սա կապ ունենալ ինչ-որ ներքաղաքական զարգացումների հետ, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետն է, որը եղել է ոստիկանապետ երկրի համար կարևոր իրադարձությունների փուլում, որևէ բան բացառել այս պահին ես ուղղակի իրավունք չունեմ որպես նաև Պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նախաքննությունը վստահ եմ՝ կտա բոլոր հարցերի պատասխանները»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ շեշտում է՝ իրավապահ մարմինները պետք է շատ արագ բացահայտեն նախկին ոստիկանապետի մահվան պատճառները և հանրությանն էլ անհարաժեշտ տեղեկություն տրամադրեն։

«Միանշանակ, իհարկե, անձի հետ կապված կարող են տարբեր խոսակցություններ գնալ, որովհետև նա նաև նախկին ոստիկանապետ էր և նաև Մարտի 1-ի, այդ ժամանակահատվածում պետական պաշտոնատար անձ է եղել և կարող է նաև հասարակության մոտ այդ մտավախությունները առաջանալ, որ սա ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում էր այդ գործին, դրա համար ես ակնկալում եմ իրավապահ համակարգի գերակտիվ աշխատանքը բնագավառում և որքան հնարավոր է շուտ պատասխանների տրամադրումը», - ասաց Սիմոնյանը։

«Ազատության» այն դիտարկմանը, որ այժմ քննարկվում է այն հարցը, որ գուցե պետք է Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունը ապահովվի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Դե եթե կան օպերատիվ-հետախուզական տեղեկատվութուններ առ այն, որ վկաների կյանքը, առողջությունը վտանգի տակ է, ապա, այո, պետությունը պետք է իրենից կախված ամեն ինչ անի, որ ապահովի վկաների անվտանգությունը և ոչ միայն վկաների։ Կան նաև մեղադրյալներ, կասկածյալներ, ամբաստանյալներ, ովքեր նաև կարող են նման վտանգի առջև կանգնեն և պետությունը այստեղ ևս պետք է զգոնություն ցուցաբերի»։

XS
SM
MD
LG