Մատչելիության հղումներ

Հայաստանում և Արցախում մեկնարկել են լայնածավալ ռազմավարական զորավարժություններ


Լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ այսօրվանից մեկնարկած լայնածավալ ռազմավարական զորավարժություններին հազարավոր քաղաքացիներ են ներգարվվել։

Նախարարը ընդգծեց, որ նման ծավալներով զորահավաքային վարժանքներ Հայաստանում առաջին անգամ են անցնակցվում:

Տոնոյանն խոսեց երկու օր առաջ Ղարաբաղում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձի մասին։ Հարցին, թե ինչով է պայմանավորում ադրբեջանական կողմի ակտիվությունը, նախարարն արձագանքեց՝ չի կարող ասել։

Պաշտպանության նախարարության համար միջադեպը տարօրինակներից է․ - «Ես կխուսափեմ որևիցե գնահատական տալուց, թե ինչ է կատարվել, որովհետև այս պահին մենք էլ ենք վերլուծություն անում, թե իրականում ինչ է կատարվել: Բացի դրանից, պետք է նաև հասկանալ, Պաշտպանության բանակի գնահատականը իրականում ինչպիսին է»:

Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պաշտպանության բանակի դիրքապահների պատասխան քայլերից հետո ադրբեջանական կողմը չեզոք գոտում թողել էր մեկ դի, իսկ Պաշտպանության բանակը կորուստ չէր ունեցել:

Ադրբեջանը հաստատել էր իր զինվորի մահը, սակայն հերքել դիվերսիայի փորձը:

Հայկական կողմը երեկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ զինվորի դին փոխանցել է Ադրբեջանին:

Նախարարն այսօր անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին։ Գրիգորյանի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է բարձրայնում են նրա առողջական վիճակի և կալանավորված լինելու անհամատեղելիության մասին ու միջնորդում են, որպեսզի դատարանը փոխի խափանման միջոցը։

Դավիթ Տոնոյանն ասաց․ - «Ես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված։ Գեներալ Մանվելի էսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է, և անձնամբ ինձ համար և բոլոր երկրապահների համար»։

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: Այսօր արդեն պայմանական ռազմական դրություն է հայտարարվել: Դրանց ընթացքում Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները կիրականացնեն մարտական կրակի կիրառմամբ պայմանական նշանակետերի խոցումներ:

Հայաստանում անցկացվող զորավարժությանը զուգահեռ նաև Արցախում է անցկացվում համանուն զորավարժություն։ Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի։

XS
SM
MD
LG