Մատչելիության հղումներ

Պենտագոնը Թրամփին կներկայացնի Իրանում թիրախների ցուցակ․ AP


ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը, Արլինգթոն, Վիրջինիա նահանգ, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը, Արլինգթոն, Վիրջինիա նահանգ, արխիվ

Պենտագոնը մտադիր է նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել ռազմական տարբերակների լայն ընտրություն, թե ինչպես կարող է պատասխանել Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակմանը, որի համար ԱՄՆ վարչակազմի շատ ներկայացուցիչներ մեղադրում են Իրանին:

Ամերիկյան վարչակազմի մի պաշտոնյա անանուն մնալու պայմանով Associated Press լրատվական գործակալությանն ասել է, որ այսօր զինվորականները նախագահին կներկայացնեն Իրանում թիրախների ցուցակ, որոնց ԱՄՆ-ը կարող է հրթիռային հարվածներ հասցնել՝ այլ միջոցների հետ համատեղ: Միաժամանակ, պաշտոնյաները կզգուշացնեն Թրամփին այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով։

Այնուհանդերձ, ցանկացած որոշում, որը կհանգեցնի Իրանի դեմ գործողությունների, կախված կլինի այն փաստական ապացույցներից, որոնք ամերիկացի և սաուդցի հետաքննիչները կներկայացնեն՝ հիմնավորելու սեպտեմբերի 14-ի հարձակմանը Իրանի մասնակցությունը:

Չնայած ԱՄՆ շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ պետքարտուղար Մայք Փոմփեոն, պնդել են, թե հարձակումների հետևում Իրանն է կանգնած, այնուհանդերձ, պետքարտուղարն ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները նախընտրում է խաղաղ հանգուցալուծում։

Պաշտոնական Թեհրանը հերքում է իր ներգրավվածությունը և նախազգուշացնում, որ ցանկացած հարձակում Իրանի դեմ կհանգեցնի «լայնածավալ պատերազմի»:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG