Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է Բակո Սահակյանին հարցաքննելու տեղեկությունը


Հատուկ քննչական ծառայությունը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ հրաժարվելով մեկնաբանել տեղեկությունը:

«Ազատությունն» այսօր դիմել է իրավապահ մարմնին՝ արձագանք ստանալու ակնկալիքով:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ նման հարցաքննության մասին որևէ տեղեկություն չունի․ - «Ես իրոք տեղյակ չեմ: Որևէ տեղեկություն չունեմ»:

«Ժողովուրդ» պարբերականի այսօրվա հրապարակման համաձայն, «Հատուկ քննչական ծառայությունը ծանուցումով հարցաքննության է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին»:

Պարբերականն այլ մանրամասներ չի հայտնում նախագահ Սահակյանի հետ կապված:

Բակո Սահակյանը 2007 թվականի հուլիսից Արցախի նախագահն է, և 2008 թվականի մարտի 1-ի Երևանում տեղ գտած արյունալի իրադարձությունների ժամանակ ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղը:

Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն այսօր «Ազատության» հետ զրուցում ասաց, որ Մարտի 1-ի գործի նյութերին ծանոթանալու ընթացքում չի հանդիպել Բակո Սահակյանի հարցաքննությանը:

Սաֆարյանը շարունակեց․ - «Խիստ անհրաժեշտ է, որ ոչ միայն հարցաքննվի, այլ այնտեղից ուժերի բերելու նպատակների, ներգրավման անհրաժեշտության և այլնի մասին հարկ եմ համարում, որ նրան հարցադրումներն արվեն և նա քննվի: Քանի որ եղել է Լեռնային Ղարաբաղի նախագահը, Լեռնային Ղարաբաղից բերվել են այնպիսի ուժեր, որ նա չէր կարող չնկատել: Մասնավորապես դա վերաբերվում է բանակին, դա վերաբերվում է այս չորսկիլոմետրանոց շարասյանը, որ Լեռնային Ղարաբաղի սահմանը հատել և հասել է Հայաստան: Դա չէր կարող աննկատ մնալ, և առանց Գերագույն գլխավոր հրամանատարի որևէ մեկը չէր կարող Հայաստան գալ: Միաժամանակ ես հիշում եմ նաև, որ այնտեղ կան նաև այլ ուժեր, որոնց ներգրավման անհրաժեշտությամբ նաև պայմանավորված զենք տրամադրելու, հագուստ տրամադրելու հետ կապված հարցերով․․․ Ուզում եմ ասել, որ կա ծավալ, որի շուրջ նա պետք է հարցաքննվի»:


XS
SM
MD
LG