Լոռու մարզում գտնվող «ստրատեգիական նշանակության օբյեկտը», որը սեփականաշնորհվել է պետության շահերին հակառակ, ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսին, «Ազատության» ստացած տեղեկություններով, «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանն է։
«Ես հիմա չեմ ուզում այնպիսի հայտարարություն անել, որը նախաքննության առումով զուտ խնդիրներ կառաջացնի, բայց Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկի ոչ մի բան չի ասում։ Իզուր են նաև իրենք ձև անում, թե իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը», - ասաց վարչապետը։
Դեռևս մայիսին Հայաստանի դատախազությունը հայտնել էր, որ պաշտպանության նախարարության կազմում գտնվող և շահույթով աշխատող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 2010 թվականին շուկայական արժեքից մի քանի անգամ էժան օտարվել է։ Արդեն այս տարի տեղի ունեցած ունեցած ուսումնասիրություններից հետո հարուցվել է քրեական գործ, որն այժմ գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում։
«Գործով նախաքննություն է կատարվում և նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք քրեական գործում կան մեղադրյալներ, այդ թվում՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, թե՞ ոչ, վերջինս, սակայն, հրաժարվեց այդ տեղեկությունը հայտնել։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս ծանոթ չէ նախաքննական նյութերին և տեղյակ չէ, թե այժմ ովքեր են ՀԷԿ-ի սեփականատերերը, սակայն մի հարցում վստահ է՝ «ՁորաՀԷԿ»-ի օտարումը մեծ հանցագործություն է եղել։
«Տվյալ գույքը, որը օտարման պահին արժեցել է մոտավորապես 8 միլիարդ դրամ, օտարվել է 3 միլիարդ 600 միլիոն դրամով, դրանով իսկ արդեն մեծ վնաս է հասցվել բնությանը», - նշեց Ղուկասյանը։
Դեռ մայիսին դատախազության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ՀԷԿ-ի օտարման գործընթացը կատարվել է փուլային, մանրամասն ծրագրված եղանակով։
Պաշտպանության նախարարության կազմում գտնվող և 2006-2010 թվականներին պաշտպանական համակարգին ավելի քան 2,5 միլիոն դոլարի շահույթ ապահոված ՀԷԿ-ի թողարկած էլեկտրաէներգիայի միավորի սակագինը 2009 թվականին 13,9 դրամից իջեցվել է 2,7 դրամի։ Ըստ դատախազության, սա արվել է «առանց շահույթի աշխատող ընկերությունը շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու համար»։ Այդպես ընկերությունը շուրջ մեկ տարի գործել է փաստացի առանց շահույթի։
«Քանի որ ընկերությունը արդեն իսկ փաստվել է, որ շահութաբեր չէ, էդ հիմքով հավանաբար արդեն շուկայականից անհամեմատ ցածր գնով օտարվել է», - ասաց Ղուկասյանը։
2010 թվականին արդեն «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն օտարվել է «Ձորագետ Հիդրո» ընկերությանը կառավարության որոշմամբ։ Ըստ դատախազության, հետագա տարիներին ՀԷԿ-ը գործել է մեծ շահույթներով 2011-2018 թվականներին՝ ունենալով ավելի քան 29 միլիոն դոլարի հասույթ։ Պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀԷԿ-ի շուկայական արժեքը 2010-ի դեկտեմբերի դրությամբ պետք է կազմեր ոչ թե 3,5, այլ շուրջ 8 միլիարդ դրամ։
«Օրինակ՝ 18 թվականի դրությամբ այդ ընկերության արժեքը, եթե գնահատենք 18 թվականին կարժենար 14 միլիարդ դրամ», - նշեց Անդրեյ Ղուկասյանը։
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը «Ձորագետ Հիդրոյում» հետազոտություններ է իրականացրել 2015 թվականին։
«Մեր էքսպերտները, այսինքն մեր փորձագետները ուսումնասիրել են 125 փոքր ՀԷԿ, որոնք կառուցված են բնական ջրային ռեսուրսների վրա», - նշեց Զառաֆյանը։
Ինգա Զառաֆյանի խոսքով՝ մասնագետները միանգամից էին նկատել, որ «Ձորագետ Հիդրոն» արհեստականորեն էր հայտնվել փոքր ՀԷԿ-երի շարքում, որպեսզի օգտվեր փոքր ՀԷԿ-երին տրվող արտոնություններից ու էլեկտրաէներգիա վաճառեր ավելի բարձր գնով։ Իրականում այն ունի Հայաստանի բոլոր մյուս փոքր ՀԷԿ-երից շատ ավելի մեծ հզորություն։
«Աշխարհում ընդունված է, որ հզորության շեմը փոքր ՀԷԿ-երի համար 10 մեգավատտ է։ Ընդհանրապես 2-3 մեգավատտը նորմալ է, 3-4 արդեն, որ սկսում է մեծանալ», - ընդգծեց Զառաֆյանը։
Զառաֆյանը հիշեցնում է, որ 2011 թվականին կառավարությունը վերանայել է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ որոշումը՝ փոքր ՀԷԿ-երի հզորության չափը 10-ից բարձրացնելով մինչև 30 մեգավատտի: Զառաֆյանն ասում է, տարիներ առաջ հայտնի էր, որ դա արվում էր Ձորագետի համար։
«Էս որոշմամբ փաստորեն «ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ը ավտոմատ ձևով մտավ փոքր ՀԷԿ-երի ցանկում և միանգամից առանց ոչ մի ներդրումների մի քանի անգամ ավելացավ շահույթը, ինչի՞, որովհետև փոքր ՀԷԿ-երի տարիֆը՝ սակագինը մի քանի անգամ բարձր է քան թե միջին ՀԷԿ-ի սակագինը», - նշեց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահը։
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ իր մասին արած հայտարարությանը, գրել, որ «չգիտի, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանի, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չէ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան»։ Մինասյանը, սակայն, չի անդրադարձել վարչապետ Փաշինյանի հայտարարություններին իր մասին, և մասնավորապես «ստատեգիական նշանակության օբյեկտ սեփականաշնորհելու» վերաբերյալ կասկածներին։