Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի գույքի մի մասի վրա դրված կալանքը վերացնել


Գեներալ Մանվել Գրիգորյանը դատարանում, մայիս, 2019թ․
Գեներալ Մանվել Գրիգորյանը դատարանում, մայիս, 2019թ․

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա նիստին դատարանը որոշեց նրա ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 47 շարժական և 93 անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնել։

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) գրություն էր ուղարկվել դատարան՝ խնդրելով այս գործով գույքի վրա դրված արգելանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որ ՊԵԿ-ը աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետությանը՝ որպես հարկային պարտավորության կատարում:

63-ամյա Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելուց բացի, մեղադրվում է նաև ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Նախկին պատգամավորն այսօր կրկին ներկա չէր իր և կնոջ գործով դատական նիստին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հերթական անգամ տեղեկացրեց՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ հունիսից մինչ այժմ Գրիգորյանը բուժում է ստանում, դատարան գրություն է ուղարկվել այն մասին, որ մեղադրյալը նիստին չի կարող մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով:

Պաշտպանական կողմը այսօր լրացուցիչ հարցեր առաջադրեց ծանր հոդվածներով մեղադրվող իր պաշտպանյալի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետներին:

Մասնավորապես, ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը՝ նշելով հիվանդությունների ծանրության աստիճանը, առկա՞ է արդյոք հիվանդությունների աճ, վատթարացում։ Մանվել Գրիգորյանի այժմյան հիվանդությունները կյանքին կարո՞ղ են վտանգ սպառնալ, թե՞ ոչ, այդ հիվանդությունները կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ Գրիգորյանի հետագա կալանքը կրելու համար, նման հիվանդությունների առկայության պայմաններում բացի դեղորայքային և այլ բուժումներից անհրաժե՞շտ է Գրիգորյանին մաքուր օդ, զբոսանք, հնարավո՞ր է, որ դրանց սահմանափակումն է նաև Գրիգորյանի որոշ հիվանդությունների առկայության, ձեռքբերման պատճառը։

Դեռ հունիսի 18-ի նիստին մեղադրող դատախազները միջնորդություն էին ներկայացրել Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Դատախազ Վահե Դոլմազյանը նշել էր՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։

Միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովը ղեկավարելու է առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը։ Հանձնաժողովի կազմում են ընդգրկված նաև Ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակտարողական հիմնարկի բժիշկ Հարություն Հեքիմյանը։

Փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները հուլիսի 25-ին այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

Մկրտչյանն ընդգծեց. «Առանց փորձաքննություն նշանակելու էլ ակնհայտ էր, որ մեր պաշտպանյալը գտնվում է տարբերակված մոտեցման ներքո։ Էս փորձաքննությունը օբյեկտիվորեն պետք է տևական ժամանակ տևի, էս ընթացքում էլ էլ ավելի է վատթարանում մեր պաշտպանյալի առողջական վիճակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG