Մատչելիության հղումներ

Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի օրհներգը


Պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, արխիվ
Պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, արխիվ

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (World Congress on Information Technology (WCIT) հիմնը կստեղծի արհեստական բանականությունը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի քարտուղարը:

«Կոնգրեսի պաշտոնական բացումը կազդարարվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ն՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան», - ասված է հաղորդագրությունում:

«Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին: Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը», - փոխանցում են Սիմֆոնիկ նվագախմբից:

Համերգը կղեկավարի Հայաստանի վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով, ըստ հաղորդագրության, նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է: Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

XS
SM
MD
LG