Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Հայաստանը պարտավոր է Ադրբեջանի հետ բանակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:
«Պարոն Փաշինյանը պետք է հստակեցնի, որ ազգայնական սադրիչների կողմից բանակցային գործընթացի վրա ճնշումները, անխոս, դատապարտված են պարտության: Այդ իսկ պատճառով նա [Փաշինյանը] այլընտրանք չունի, քան բանակցել Ադրբեջանի հետ Մինսկի խմբի միջնորդությամբ», - մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, թե «որքան հայաստանյան իշխանությունը արագ շարժվի այդ ուղղությամբ, այնքան արագ հայ ժողովուրդը կկարողանա կանգնել կայուն զարգացման և հարևանների հետ խաղաղության ուղու վրա»:
Երևանն ու Բաքուն վերջին անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցել են անցած հունիսին՝ Վաշինգտոնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը դեռ չի հստակեցնում՝ արդյո՞ք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են կազմակերպել հանդիպում, և երկուստեք համաձայնություն է եղել։
Պաշտոնական Բաքուն վերջին շրջանում պարբերաբար կոշտ քննադատություն է հնչեցրել հայաստանյան իշխանությունների հասցեին՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած հայտարարության՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»: Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, թե Փաշինյանի այդ հայտարարությունը սադրիչ բնույթ ունի և տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: «Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը: