Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է քննադատել Փաշինյանի հայտարարությունները Ստեփանակերտում


Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում արած վերջին հայտարարություններով անցել է կարմիր գիծը:

«Դրանից այն կողմ իրավիճակի հետագա սրացումն է և լարվածության աճը», - ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Մեյլա Աբդուլաևան՝ հավելելով․ - «Այսօրինակ հռետորաբանությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլև կարող է ջուրը գցել խնդրի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը»:

Օգոստոսի 5-ին, ելույթ ունենալով Ստեփանակերտում համահայկական խաղերի բացմանը, Հայաստանի վարչապետը հայտարարել էր․ - «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում: Արցախը Հայաստան է և վե՛րջ»:

Պաշտոնական Բաքուն հաջորդ օրն իսկ դատապարտել էր Հայաստանի վարչապետի այս ելույթը՝ պնդելով, թե այն սադրիչ բնույթ ունի և տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: «Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:

Արտգործնախարարության խոսնակն էլ երեկ տեղեկացրել է, որ Բաքուն Փաշինյանի ելույթը քննադատող նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներին, Մինսկի խմբի անդամ երկրներին ու կազմակերպության մյուս անդամներին:

«Այդ նամակներում մենք հանգամանալից կերպով ներկայացրել ենք, թե որքան վտանգավոր է իրավիճակը, որ ստեղծվել է Փաշինյանի հայտարարությունների արդյունքում», - «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: Նա, սակայն, չի նշել, թե ինչպես են հասցեատերերը արձագանքել Բաքվի այդ մտահոգություններին:

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքելով Բաքվից հնչող քննադատությանը՝ ավելի վաղ պնդել էր, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ընկալել վարչապետ Փաշինյանի ելույթի համատեքստն ու բովանդակությունը:

Ավելին, պաշտոնական Երևանն ասել էր, թե Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում:

Հայաստանի արտգործնախարարությանը նաև մեղադրել էր Բաքվին քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոնները խախտելու, անձնական բնույթի հարձակումների և հայ ժողովրդի հանդեպ անհանդուրժողականությունն ու ատելությունը հովանավորելու մեջ:

Իսկ երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պնդել էր, որ Փաշինյանի ելույթին ավելացնելու բան չունի․ - «Այն, ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, որևէ նոր ավելացնելու բան չկա: Ամենը ասվեց Ստեփանակերտում»:

Հակամարտության շուրջ սրված այս հռետորաբանության ֆոնին ակնկալվում է, որ երկու երկրների արտգործնախարարները առաջիկայում կրկին կնստեն բանակցային սեղանի շուրջ: «Ազատության» հավաստի աղբյուրների հաղորդմամբ, Մամեդյարով - Մնացականյան նոր հանդիպումը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում: Մինչ այդ նրանք վերջին անգամ հունիսին էին հանդիպել՝ կրկին Միացյալ Նահանգներում:

Վաշինգտոնյան այդ հանդիպումից առաջ իրավիճակը շփման գծում կտրուկ սրվել էր․ երկու շաբաթվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրը երկու զոհ էր տվել, զինվորականները միմյանց մեղադրել էին հրադադարը ակտիվորեն խախտելու, տարբեր տրամաչափի զինատեսակներ կիրառելու մեջ:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումից հետո նշել էր, որ հայկական կողմն առաջին հերթին հենց անվտանգության և խաղաղության մթնոլորտի պահպանման հարցն է բարձրացրել․ - «Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել: Այդ մոտեցումն ապագա չի ունենա: Եվ բազմիցս ասել ենք և կկրկնեմ, որ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու»:

Երկու արտգործնախարարների՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումից առաջ ևս իրավիճակը շփման գծում հանդարտ չէ․ հուլիսի վերջին հայկական կողմն ունեցավ մեկ զոհ և մեկ վիրավոր, ևս մեկ զինծառայող էլ վիրավորվեց այս շաբաթ Տավուշում:

Երեկ, անդրադառնալով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին ու ադրբեջանցի ոգրծընկերոջ հետ առաջիկա հանդիպմանը՝ Հայաստանի արտգործնախարարն ասել էր․ - «Հայկական կողմի համար գերակա հարց է մնում Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու դրանից բխող կարգավիճակի հարցը»:

XS
SM
MD
LG