Մատչելիության հղումներ

Մալաթիա առևտրի կենտրոնը գործել է առանց շահագործման թույլտվության


Հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում, արխիվ
Հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում, արխիվ

Մալաթիա առևտրի կենտրոնը գործել է առանց շահագործման թույլտվության: Սա փաստում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Առևտրի կենտրոնը մասամբ կիսակառույց է։

Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. «Տեսչական մարմին չեն դիմել ավարտական ակտի համար։ Ավարտական ակտի շրջանականերում մենք բոլոր ուսումնասիրություններն անում ենք, ուսումնասիրում ենք համապատասխանությունը քաղաքաշինական նորմերին, գումարած նաև արդեն քանի որ տեսչական մարմինն ամբողջական հրդեհային անվտանգության նորմով ենք նայում»։

Առևտրի կենտրոնի շենքը նաև քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներով է կառուցվել։ Այդ է պատճառը, որ հրշեջ-փրկարարների համար լրացուցիչ դժավարություններ են առաջացել տեղում աշխատելիս։

«Քաղաքաշինական խախտումները վերաբերում են միջտարածություններին, հետևի մասում որտեղից մատնանշում էր պարոն նախարարը, իրականում կա մի հատ շինություն, որը արգելափակել էր և չէր թույլ տալիս շենքին մոտենալ հետևի մասից։ Էդ մասով ակնհայտ է քաղաքաշինական խախտումները, մնացած մասով չեմ կարող ասել, որովհետև չենք ուսումնասիրել։ Նախագծերը հիմա քաղաքապետարանից ենք ստանում, կուսումնասիրենք», - նշեց Շախբազյանը։

Տարածքում բացակայել են նաև հրդեհաշիջման մեքենաները ջրով լիցքավորելու համար նախատեսված հրշեջ հիդրանտները, իսկ շենքի կողային հատվածը, որը հրդեհին ամենամոտն էր, դժվարանցանելի էր հրդեհաշիջման մեքենաների համար։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Գարեգին Հակոբյանի խոսքով. «Շինարարական աշխատանքներ էին կատարվում, այդ հատվածից էլ բաց ազատումը անհրաժեշտ էր, որովհետև տարածում կար այդ ուղղությամբ ու շատ մեծ։ Եթե նկատեցիք նկուղային մասեր արդեն տարածվել, նկուղային մասում էր կենտրոնացված էր հիմնական իրանց աշխատանքի նյութերը»։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի խոսքով՝ չնայած շենքում հրդեհի ազդանշանային համակարգ է գործել, սակայն նախնական տվյալով՝ հրդեհաշիջման համակարգն է բացակայել։

«Կանխարգելման միջոցներից կրակմարիչներ եղել են, բնականաբար, քանի որ ծավալը մեծ է եղել չեն հասցրել հրդեհաշիջում անել։ Նման կառույցների համար պետք է լինի հրդեհաշիջման համակարգ, բայց չի եղել», - նշեց Գողամ Շախբազյանը։

Թե ինչն է եղել Մալաթիա առևտրի կենտրոնում շաբաթ օրը բռնկված հրդեհի պատճառը, առայժմ հստակ չէ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս ուսումնասիրություն է իրականացնում, հետաքննությամբ նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն են զբաղվում։ Տեսչական մարմնում հրդեհի բռնկման վայրի նախնական վարկածն ունեն՝ կահույքի արտադրամասից է սկսվել։ Շաբաթ օրը այդ մասին ասացին նաև կահույքի արտադրամասի աշխատակիցները։ Նրանք տեսել էին, թե ինչպես էր տարածվել հրդեհը։ Թե ինչ իրավիճակ է մյուս հասարակական օբյեկտներում, նոր ձևավորված տեսչական մարմնում անցած տարվա ուսումնասիրության տվյալներն են։

«Դեռ ես նոր էի պաշտոնավարում, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում օբյեկտները սկսեցինք նայել հիմնականում, այդ ընթացքում մեծ օբյեկտներում՝ Yerevan Mall, Rossia Mall այդ տարածներում ահագին ուսումնասիրություններ են եղել, բավական բարվոք է վիճակը։ Ունեն նաև պլան, հրդեհաշիջման համակարգեր, բայց ուսումնասիրության կարիք կա», - ընդգծեց Շախբազյանը։

Շաբաթ օրը բռնկված հրդեհի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության, 10-ը քաղաքացի տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։ Նրանք նույն օրը դուրս են գրվել։ Թե ինչ վնաս է հասցվել հրդեհի հետևքնով, դեռևս ուսումնասիրվում է, սակայն հայտնի է՝ այրվել է 30 հազար քառակուսի մետր տարածք։ Վնասվել է փայտամշակման հաստոցներ, արտադրական հումք և կեցաղային տեխնիկա։

XS
SM
MD
LG