Ամուլսարի հարցը այլևս քաղաքական և իրավունքի հարց է: Շատերն են վստահ, թե այն ցուցիչ է՝ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո, օրինակ՝ տվյալ հարցում որոշում կայացնելիս որքանով են պաշտպանվել մարդու իրավունքները, պահպանվել ժողովրդավարության սկզբունքները:
«Քաղաքականությունը ներսից» հաղորդման ընթացքում այս թեմայի շուրջ է զրուցել Սարգիս Հարությունյանը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:
Ստորև՝ հատված զրույցից․
«Ազատություն»․ - Հանրությունը քննարկում է այս թեման, հարցը քաղաքական է դարձել: Բայց մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերից կարծես մի կուսակցություն՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է հանդես եկել հայտարարությամբ: Իշխող ուժի ներսում տեսնում ենք տարբեր կարծիքներ ունեցող մարդիկ՝ կան պատգամավորներ, օրինակ, որ դեմ են, որպեսզի այդ հանքը շահագործվի, կան, ովքեր որ կողմ են, վարչապետը փաստորեն ասաց, որ պետք է թույլ տալ, որ հանքը շահագործվի: Մենք չենք տեսնում, որ Ազգային ժողովում ներկայացված ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան», Ազգային ժողովից դուրս գտնվող քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն, Հանրապետական, հանդես գան հայտարարությամբ՝ չէ՞ որ այս հարցը հուզում է հանրությանը: Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը ընդհանրապես լռում է: Սա ի՞նչ է նշանակում, չնայած հեղափոխությանը՝ Հայաստանի քաղաքական համակարգը նույն վիճակո՞ւմ է մնացել: Ի՞նչ կարող եք ասել:
Լևոն Բարսեղյան․ - Ազգային ժողովը առանձին դիտարկենք, մնացածը՝ առանձին: Ազգային ժողովի խմբակցությունները կամ կուսակցությունները, կարծում եմ, որ այնուամենայնիվ հանդես կգան ինչ-որ մի հայտարարությամբ, այդքան լավատես եմ ես: Անհատապես շատ-շատերը կխուսափեն արտահայտվել պատգամավորներից․․․
«Ազատություն»․ - Ինչո՞ւ, որովհետև ներքին ժողովրդավարության խնդիր կա՝ սպասում են առաջնո՞րդը ինչ-որ բան ասի:
Բարսեղյան․ - Ինձ թվում է, որ օբյեկտիվ պատճառ կա: Պատճառը՝ հետհեղափոխական առաջին ընտրություններում, որպես կանոն, ոչ միայն Հայաստանում, շատ մեծ է լինում էյֆորիկ մեխանիզմով, էյֆորիզմով ձևավորված Ազգային ժողովը, հատկապես՝ մեծամասնական ուժը, հետո շատ արագ, մի քանի ամիսների ընթացքում, պարզվում է, որ գաղափարական լրջագույն հակասություններ ունեցող մարդիկ հայտնվել են նույն խմբակցության մեջ: Հիմա «Իմ քայլը» խմբակցության մեջ մեր Ազգային ժողովի շատ ծայրահեղ աջերի հետ կան նաև շատ ծայրահեղ ձախեր: Սա մի օր հանգեցնելու է տարանջատման, սա օբյեկտիվ զարգացում է, սարսափելի բան չկա՝ առանձնանալու են, չգիտեմ՝ Ազգային ժողովում կառանձնանան, թե մանդատները կդնեն, դուրս կգան մի խումբը, մյուսները կմնան այնտեղ, վերջ ի վերջո, մի երկու-երեք քաղաքական ուժ է ձևավորվելու այս խոշոր ուժից, ինչպես մոտավորապես եղավ ՀՀՇ-ից ձևավորված մի քանի քաղաքական ուժերը այն ժամանակ:
Եվ հիմա շատերը անհատապես չեն ուզում արտահայտվել, ուզում են կոլեկտիվ ինչ-որ մի եզրակացության գալ, և շատ դժվար է:
«Ազատություն»․ - Կարծում եք՝ «Իմ քայլ»-ում նման տրամադրություններ են, և․․․
Բարսեղյան․ - Դա օբյեկտիվորեն տեղի է ունենալու՝ սա իմ համոզմունքն է: Միայն Ամուլսարը չէ հարցը, այսինքն՝ ժամանակի ընթացքում տարբեր խնդիրների շուրջ, պարզվում է, որ շատ տարբեր դիրքորոշում ունեցող մարդիկ են նույն խմբակցության մեջ: Ասենք՝ «Լուսավոր Հայաստան»-ի դեպքում փոքրաթիվ են պատգամավորները այնտեղ, և կա ինչ-որ մի գաղափարական ընդհանրություն, իրենք մեծամասնություն չեն:
«Ազատություն»․ - Իսկ «Բարգավաճ Հայաստա՞ն»-ը, ի՞նչ կարող եք ասել:
Բարսեղյան․ - «Բարգավաճ Հայաստան»-ը՝ ոնց ասի առաջնորդը՝ մոտավորապես էս մոդուսն է այնտեղ դրված, լավ և վատ իմաստներով:
«Ազատություն»․ - Բայց կան նաև խորհրդարանից դուրս, էսպես, ավանդական ուժերը՝ Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն, Հանրապետական․․․
Բարսեղյան․ - Այո, գալիս էի ես դրան: Հայաստանում քաղաքական դաշտը միշտ հյուծված է եղել, քաղաքական ուժերը, կուսակցությունները միշտ հալածված, հյուծված են եղել, կամ իրենք ստիպված են եղել լինել դոմինանտ ուժի հետ հարակից ինչ-որ մի կոալիցիայի կազմում՝ առանց շատ մեծ ինքնուրույնության իրավունքի և ինքնուրույն զարգացման մեխանիզմի, և եղել են շատ ավելի շատ հյուծված արտախորհրդարանական ընդդիմություններ: Եվ հիմա սպասել, որ այս մեկ տարվա ընթացքում քաղաքական ուժերը պետք է այդպես թափով զարգանային, քաղաքական հասունություն ձեռք բերեին, տիրապետեին նյութական ռեսուրսների, մարդկային ռեսուրսների, միամտություն էր՝ չեն ձևավորվել դրանք, թույլ են:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․